Նորություններ

Նորընտիր խորհրդարանը ներկայացուցչական մարմին դեռ չի հանդիսանում. Ա. Իսկանդարյան

Նախորդ տարին չափազանց կարևոր էր Հայաստանի համար: Տեղի ունեցած հեղափոխության արդյունքում իշխանության են եկել լիովին նոր մարդիկ: Երկրի համար սա ոչ միայն լուրջ հնարավորությունների, այլ նաև լուրջ մարտահրավերների սկիզբ է: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցածը Վրաստանի «գունավոր հեղափոխության» հետ համեմատելն անտեղին է, քանի որ Վրաստանում իշխանափոխությունն իրականացվել է բռնի ուժով խորհրդարանի գրավմամբ, իսկ Հայաստանում օրենքի տառը պահպանվել էր:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, Ա. Իսկանդարյանը տեսակետ է հայտնել, որ Հայաստանում բավականին հետաքրքիր ու բարդ իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ խորհրդարանական քաղաքական համակարգ ունեցող երկրում բացակայում է զարգացած կուսակցական համակարգը, իսկ նորընտիր խորհրդարանը ներկայացուցչական մարմին չի հանդիսանում, քանի որ պատգամավորների մեծ մասը հասարակության համար անծանոթ է: Ընդ որում, անգամ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ կայացած կուսակցություն չէ: Իսկ խորհրդարանական կառավարման մոդելն աշխատում է միայն կայացած կուսակցությունների պայմաններում:

2019 թվականը հետաքրքիր է նաև այն առումով, որ իշխանության եկած քաղաքական ուժը դեռ պետք է երկրի զարգացման ծրագրեր մշակի և, միաժամանակ, ճգնաժամային մենեջմենթով զբաղվի, ինչը բավականին բարդ գործ է: Բացի այդ, երկրում պետք է զարգացնել նաև ժողովրդավարությունը, քանի որ այն չի սահմանափակվում ընտրություններով, այլ մշակույթ է:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա, ըստ Իսկանդարյանի, այն նախորդ իշխանությունների կողմից վարած քաղաքականության շարունակությունն է:

 

Ավելին
Back to top button