Միջազգային

Իսպանիայում բացահայտվել է հայերի մասնակցությամբ հանցավոր խմբի գործունեությունը

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան երկրի Ազգային գերագույն դատարանի և Եվրոպոլի հետ համագործակցությամբ բացահայտել է կազմակերպված հանցավոր խմբի՝ պրոֆեսիոնալ թենիսի մրցաշարերի ժամանակ ծավալած գործունեությունը:

Ինչպես հայտնում է Եվրոպոլի կայքը, իսպանացի իրավապահները 83 կասկածյալի են ձերբակալել, որոնցից 28-ը պրոֆեսիանալ թենիսիստներ են:

Հետաքննությունն սկսվել է 2017-ին, երբ Թենիսի միությունը (Tennis Integrity Unit) դատապարտել էր ITF Futures և Challenger մրցաշարերի ժամանակ նախապես պայմանավորված խաղերի կազմակերպմանն առնչվող գործողությունները: Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ մարզիկներին՝ երաշխավորելու համար նախապես պայմանավորված արդյունքները, ինչպես նաև օգտագործել են հազարավոր քաղաքացիների ինքնությունը նախապես պայմանավորված մրցելույթներում խաղադրույք կատարելու համար:

Ըստ հաղորվող տվյալների՝ հանցավոր խմբում հայեր են եղել, որոնք կապ են հաստատել թենիսիստների հետ, այնուհետև հետևել են խաղի ընթացքին և հրահանգներ տվել խաղադրույք կատարողներին:

Նշվում է, որ ոստիկանական գործողությունների ընթացքում 11 տուն է խուզարկվել Իսպանիայում, որտեղից 167 000 եվրո կանխիկ գումար է առգրավվել, ինչպես նաև ավելի քան 50 էլեկտրական սարք, բանկային քարտեր, շքեղ դասի 5 ավտոմեքենա, գործին առնչվող փաստաթղթեր և մեկ հրացան: Արդյունքում 42 բանկային հաշիվ է սառեցվել:

Ավելին
Back to top button