Նորություններ

Գերատեսչություններ, որոնք հարցումներն անպատասխան են թողել

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմել է անցած տարվա ընթացքում տեղեկություն ստանալու հարցումներն անպատասխան թողած, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում տված գերատեսչությունների ցանկը:

ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար՝ Դավիթ Տոնոյան

2018 թ.-ի սեպտեմբերի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություն նախարարության կողմից 2017 և 2018 թթ.-ին իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություն և նվիրաբերություն տրամադրելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը պատասխան չի տրամադրել: http://www.givemeinfo.am/hy/case/2477/

ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյան

1.  2018 թ.-ի սեպտեմբերի 14-ին Yerkir.am առցանց պարբերականի լրագրող Ռոզա Խաչատրյանը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե ինչու Վարչապետի պաշտոնական կայքի «Աշխատակազմ» բաժնում նշված չէ Սոֆյա Նավասարդյանի անունը և ինչու է Վարչապետի որոշումների ցանկից հեռացվել վերջինիս նշանակման մասին որոշումը: Լրագրողը խնդրել է պարզաբանել, թե արդյոք Սոֆյա Նավասարդյանը շարունակում է աշխատել: Վարչապետի աշխատակազմից լրագրողին ուղարկված նամակով աշխատակազմը լիարժեք պատասխանի համար խնդրել է 30-օրյա ժամկետ, սակայն այդպես էլ չի պատասխանել հարցմանը: http://www.givemeinfo.am/hy/case/2547/

2.  2018 թ.-ի սեպտեմբերի 26-ին Mediamax.am առցանց պարբերականի լրագրող Լուսինե Մկրտչյանը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում որքան գումար է վերականգնվել պետական բյուջեում և ուր են ուղղվել այդ միջոցները։ Վարչապետի աշխատակազմից պատասխան նամակով տեղեկացրել են, որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում: Հարցումն այդպես էլ մնացել է անպատասխան: https://bit.ly/2VFSOLo

 Գերատեսչություններ, որոնք տրամադրել են անհիմն պատասխան

ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար՝ Դավիթ Տոնոյան

2018 թ.-ի հունվարի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն ամանորի ծախսերի վերաբերյալ: Նախարարությունը 6 աշխատանքային օր անց ուշացած անհիմն պատասխան է տրամադրել՝ տեղեկության տրամադրման համար լրացուցիչ ժամանակ խնդրելով: http://www.givemeinfo.am/hy/case/2320/

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, նախարար՝ Գաբրիել Ղազարյան

1.  2018 թ.-ի նոյեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում իրավապահ մարմինների կողմից իրականացված վերջին ստուգումների արդյունքների վերաբերյալ: Նախարարությունը աշխատանքային 11-րդ օրը տրամադրել է անհիմն պատասխան՝ նշելով, թե քննչական գործողությունները դեռևս ընթացքի մեջ են: http://www.givemeinfo.am/hy/case/2487/

2.  2018 թ.-ի նոյեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման հիմքերի վերաբերյալ: Նախարարությունը աշխատանքային 11-րդ օրը տրամադրել է անհիմն պատասխան՝ հղում տալով  Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքին, որտեղ տեղադրված է լուծարման որոշման նախագիծը, այնինչ լուծարման մասին ծանուցումներ ՊՈԱԿ-ի աշխատակիցները ստացել էին նախագծի հանրայնացումից շաբաթներ առաջ: http://www.givemeinfo.am/hy/case/2486/ 

ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյան

2018 թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել աշխատակազմում առկա թափուր հաստիքների ցանկն ու նշման աղբյուրը: Կառավարության աշխատակազմն անհիմն պատասխանը տրամադրել է 7 աշխատանքային օր անց: Պատասխանը անհիմն է, քանի որ թեև Կառավարության աշխատակազմը շարունակում է նոր նշանակումներ անել, սակայն պատասխանում նշում է, որ թափուր հաստիքների մասին տեղեկատվություն առկա չէ։ http://www.givemeinfo.am/hy/case/2384/

Գերատեսչություններ, որոնք տրամադրել են անհիմն մերժում

 ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար՝ Դավիթ Տոնոյան

1.  2018 թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն` խնդրելով տրամադրել նախարարության` 2018 թվականի բյուջեի կատարման 1-ին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը: Նախարարությունը անհիմն կերպով մերժել է պատասխանի տրամադրումը: ՊՆ պատասխանը համարվել է անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետև 4 օր անց մերժել։ ՏԱ մասին օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվության տրամադրելու, և ոչ մերժումը հիմնավորելու համար: http://www.givemeinfo.am/hy/case/2379/ 

2.  2018 թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՊՆ՝ խնդրելով տրամադրել գերատեսչությունում առկա թափուր հաստիքների ցանկն ու հրապարակման աղբյուրը: ՊՆ պատասխանը համարվել է անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետև 3 օր անց մերժել։ ՏԱ մասին օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվություն տրամադրելու, եւ ոչ մերժումը հիմնավորելու համար: http://www.givemeinfo.am/hy/case/2395/ 

ՀՀ Սփյուռքի նախարարություն, նախարար՝ Մխիթար Հայրապետյան

1.  2018 թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Սփյուռքի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների վերաբերյալ: Նախարարության մերժումը համարվել է անհիմն, քանի որ տրամադրվող տեղեկությունը չի կարող համարվել պետական/ծառայողական, ինչպես նաև բանկային և առևտրային գաղտնիք: Նշենք, որ նույնաբովանդակ մեր հարցմանը մյուս բոլոր նախարարությունները պատշաճ պատասխան են տվել: http://www.givemeinfo.am/hy/case/2460/ 

2.  2018 թ.-ի սեպտեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Սփյուռքի նախարարություն՝ խնդրելով լիարժեք պատասխանել 2018 թ.-ի օգոստոսի թիվ 338-ի 4 հարցմանը՝ տրամադրելով ամբողջական պատասխան, մասնավորապես՝ խնդրելով տեղեկություն ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների վերաբերյալ: Նախարարությունը պատասխան նամակում նշել էր, թե պատասխանը արդեն իսկ տրամադրվել է նախորդ  գրությամբ՝ հղում անելով նախկինում տրամադրած մերժմանը: http://www.givemeinfo.am/hy/case/2465/

Back to top button