Միջազգային

Համաշխարհային բանկի ղեկավարը հրաժարական կտա

Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Յոն Կիմը փետրվարի 1-ին հրաժարական կտա, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: ՀԲ ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան:

Կիմը հայտնել է, որ ՀԲ աշխատանքն այժմ շատ կարեւոր է, քանի որ աղքատության մեջ ապրող մարդկանց ակնկալիքները մեծ են, նաեւ շատ հիմնախնդիրներ կան՝  կլիմայի փոփոխությունը, համաճարակները, սովը եւ մարդկանց պարտադրված տեղաշարժը: 

Ջիմ Յոն Կիմը ՀԲ նախագահի պաշտոնը ստանձնել է 2012թ.-ի հուլիսի 1-ին:  2016-ին վերընտրվել է: Որպես հրաժարականի պաշտոնական պատճառ  նշվում է Կիմի՝ մասնավոր ոլորտում աշխատելու մտադրությունը:

Կիմը ծնվել է Սեուլում 1959 թվականին։ 5 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Նա 2013 թվականի Ֆորբսի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button