ՆորություններՔո ձայնը

Արարատ Միրզոյանի կոպիտ սխալը

Արդեն մի քանի օր է Ադրբեջանն ամենաբարձր՝ նախագահի եւ արտգործնախարարի մակարդակով անդրադառնում է Արցախի հիմնախնդրին: Հնչում են խնդրի կարգավորման իրենց մոտեցումները, տրվում են գնահատականներ: Շեշտվում է, որ Արցախն առավելագույնը կարող է ստանալ բարձր ինքնավարություն: Ադրբեջանական մամուլն ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը, վերլուծելով իրենց ղեկավարների հայտարարությունները, հրապարակվում են հարցազրույցներ:

timthumbԹուրքիան եւս ձեռքերը ծալած չի նստում: Թուրքիայի ԱԳ նախարարն ասում է, որ եթե Հայաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա դրանից առաջ պետք է լուծվի «Ղարաբաղի եւ բռնազավթված տարածքների հարցը»:

Օրեր շարունակ Հայաստանը ոչ մի կերպ չէր արձագանքում Ալիեւի եւ Մամեդյարովի հայտարարություններին: Համարժեք պատասխան հնչեց միայն Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի շուրթերից, բայց հանրությունը սպասում էր ՀՀ բարձրագույն իշխանության արձագանքին:

Պատասխանը հնչեց Արարատ Միրզոյանից, որն օրեր անց զբաղեցնելու է Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը: Անկեղծ լինենք, լավ կլիներ, որ այդ պատասխանն ընդհանրապես չլիներ:

Արարատ Միրզոյանը պատասխանելով Մամեդյարովին, որն Արցախին բարձր ինքնավարություն է առաջարկում, ընդամենն ասել է, թե Մամեդյարովին խորհուրդ է տալիս առաջարկը ներկայացնել նաեւ Արցախի ժողովրդին։

Իսկ եթե Բաքուն այդ առաջարկը ներկայացնի այնպես, ինչպես ժամանակին վարվեց Ադոլֆ Հիտլերն ավստրիացիների հետ: Ի վերջ Ավստրիան հանրաքվեով միավորվեց Գերմանիային: Փողոցում կանգնած տանկերը հզոր փաստարկ էին հօգուտ Գերմանիայի հետ միավորման:

Մենք բարձր մակարդակով դեռ չենք արձագանքել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլին: Իսկ պետք է արագ արձագանքել եւ ընդամենը շեշտել, որ անթույլատրելի եւ անչափ վտանգավոր է հայ-թուրքական հարաբերությունների հարցը կապել Արցախի խնդրի կարգավորման հետ, եւ ընդգծել, որ Հայաստանը երբեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կապել Հյուսիսային Կիպրոսի հիմնախնդրի լուծման հետ:

Բացի այդ մեկ անգամ եւս հստակ պետք է հայտարարել, որ Թուրքիան պետք է հնարավորին չափ հեռու մնա Արցախի խնդրի կարգավորումից եւ դադարեցնի մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով:

Այս ամենը պետք է ասել, բայց շատ տարօրինակ է, թե ինչու է լռում Հայաստան ԱԳ նախարարը:

Գեղամ Նազարյան

Լուսանկարը՝ sputnik-ի

Ավելին
Back to top button