Նորություններ

Մենք ականատես եղանք, որ անփորձ երիտասարդները շատ բան կարող են տալ պետական կառավարման համակարգին․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր հավաստագրեր է հանձնել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով եռամսյա պրակտիկան հաջողությամբ ավարտած երիտասարդներին։

 Ջերմորեն ողջունելով երիտասարդ մասնագետներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ նախարարության աշխատանքներին անշահախնդիր և ակտիվ մասնակցելու համար և ուրախությամբ փաստել, որ վերջին շրջանում գերատեսչության տարբեր ստորաբաժանումների աշխատանքներում ակնհայտորեն ուրվագծվում է երիտասարդների ներգրավվածությունը։ Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել ինքնաիրացման ազատ դաշտ բացել բարձր մասնագիտական որակներ ունեցող մասնագետների համար։ Կարևորելով հատկապես բուհը նոր  ավարտած երիտասարդների ներգրավումը պետական կառավարման համակարգում՝ Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ կառավարության համակարգային փոփոխություններից հետո իրենց լավագույնս դրսևորած պրակտիկանտներից  ոմանց համար հնարավորություն կստեղծվի աշխատանքի անցնել արդեն նոր գերատեսչություններում։  

«Չեմ ուզում ցածրացնել տարիների փորձ ունեցող մասնագետների դերը, բայց փաստ է նաև, որ այդ փորձին զուգահեռ մեզ պետք է նաև երիտասարդական ավյուն։ Այս եռամսյա պրակտիկայի արդյունքում էլ մենք ականատես եղանք, որ անփորձ երիտասարդները շատ բան կարող են տալ պետական կառավարման համակարգին»,- նշել է Սուրեն Պապիկյանը։  

 Իրենց հերթին երիտասարդները շնորհակալություն են հայտնել նախարարությունում պրակտիկա անցնելու ընձեռնված բացառիկ հնարավորության համար և ընդգծել, որ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներում ամբողջական ծավալով ներգրավումն ու դրանց մեջ սեփական մասնակցության մասնաբաժինն ունենալը չափազանց էական էր մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման տեսանկյունից։

 Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը կրկին շնորհավորել է երիտասարդ մասնագետներին ձեռքբերումների, կուտակված փորձի և գիտելիքների նոր պաշար ամբարելու կապակցությամբ և նրանց հանձնել հավաստագրերը։   

Ավելին
Back to top button