Նորություններ

Խոշոր գնում բյուջեի հաշվին. քաղավիացիայի գլխավոր կոմիտեն նոր տնօրենի համար 13.4 մլն դրամով «Տոյոտա» է գնել

Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետության միջոցներով նոր ու թանկ մեքենա է գնվել։ Aysor.am-ը գնման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ մեքենայի գնման մասին պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 17-ին։

ՔԱԳՎ երիտասարդ պետին մատակարարված մեքենան թարմ է՝ 2018 թվականի արտադրության «Toyota Camary» մակնիշի, 181 ձիաուժ հզորությամբ։

Aysor.am-ին հայտնի է, որ ՔԱԳՎ պետին մինչ այս գնումը, սպասարկել է «Շկոդա» մակնիշի մեքենա։

Քաղավիացիայի գլխավոր կոմիտեի աշխատակազմի ղեկավար Տիգրան Բայբուրտյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ գնումը նախատեսված է եղել այս տարվա գնումների պլանով։

«Տիկին Ռևազյանին սպասարկող մեքենան պատկանել է կոմիտեի կառավարման ենթակայությամբ գործող «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը, ինչը խախտում է համարվում։ Այդ խնդիրը նախկինում արձանագրվել է ստուգող մարմիններից մեկի կողմից, հստակ չեմ հիշում՝ որ մարմնի։ Քանի որ կոմիտեի ղեկավարը մեքենա չի ունեցել, այդ պատճառով էլ գնումն իրականացվել է», — ասաց աշխատակազմի ղեկավարը։

Նրա խոսքով՝ հայտարարվել է մրցույթ, որի արդյունքներով ընտրվել է այն ընկերությունը, որից էլ կատարվել է գնումը։


aysor.am

Ավելին
Back to top button