Մեկնաբանություն

ԱԺ ընտրությունների հաղթողներն ու պարտվողները

Բազմակուսակցական համակարգն ունի կոնկրետ նպատակ. քաղաքացիների համար ապահովել քաղաքական կուրսի ընտրության հնարավորություն: Այդ հնարավորությունից մենք զուրկ էինք՝ ընտրական գործընթացները կատարվում էին միայն իշխանություն-ընդդիմություն համատեքստում: Այժմ պարզ դարձավ, որ ՀՀ քաղաքացիները դեռ որոշ ժամանակ զրկված են մնալու այդ հնարավորությունից՝ ԱԺ գերակշռող ուժ ձայների 70 տոկոսով ընտրվել է մեկ կուսակցական դաշինք՝ «Իմ քայլը»: Ու եկեք չխաբենք մեզ՝ ընտրվել է ոչ թե իր քաղաքական հայացքների, այլ թավշյա հեղափոխության ժամանակ իր ունեցած դերի համար:

Այս ընտրություններում ամենամեծ թե՛ հաղթողը, թե՛ պարտվողը ՀՀ քաղաքացին էր: Հաղթող, քանի որ ընտրությունները վերջապես անցան առանց լուրջ խախտումների ու կեղծիքների: Իսկ պարտվող, քանի որ չհաջողվեց ստեղծել հավասարակշռված, բազմակուսակցական խորհրդարան, որտեղ կլիներ մրցակցություն տարբեր կուրսերի միջև: Այնպես որ, մինչև հաջորդ ընտրություններն «Իմ քայլը» դաշինքն իր վրա է կրելու քաղաքական կուրսի ընտրության ու վարման ամբողջ բեռը. դա թե՛ մեծ իշխանություն է, թե՛ մեծ պատասխանատվություն:

Հաղթեց «Իմ քայլը» դաշինքը. եթե հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի թիմը կարողացավ ստանալ գործադիր իշխանության բանալիները, ապա օրենսդիր ու դատական իշխանությունները մնում էին Հանրապետական կուսակցության ձեռքերում, ու փաստացի իշխանության ոչ թե փոխանցում էր տեղի ունեցել, այլ բաժանում: Այժմ այս թիմը հնարավորություն ունի իրական համակարգային փոփոխություններ կատարել պետական կառավարման բոլոր ոլորտներում՝ սահմանափակված միայն ՀՀ Սահմանադրությամբ ու միջազգային համաձայնագրերով:

Հաղթեցին նախկին ՀՀԿ «տասովշիկները», որոնք հասցրեցին արագ կողմնորոշվել ու իրենց ծառայություններն առաջարկել այլ կուսակցություններին ու կուսակցական դաշինքներին: Ուշադիր ընթերցողը նկատած կլինի, թե նախընտրական շրջանում ինչ արագությամբ տեղի ունեցավ մարդկային ռեսուրսի այդ վերաբաշխումն ինչպես կուսակցությունների, այնպես էլ առանձին ռեյտինգային թեկնածուների միջև:

Հաղթեց ԲՀԿ-ն՝ չնայած ԱԺ-ում իր ներկայությունը փոքրացնելուն: Հաղթեց, քանի որ մնաց երկրորդ խորհրդարանական ուժը, ոչ վերջին հերթին մոխրագույն պրակտիկաների շնորհիվ. «Միացյալ առաջնորդների պալատի» կողմից հավատարմագրված դիտորդները դրա պարզ օրինակն են: Ընդհանրապես, ԲՀԿ-ն այն կառույցն է, որտեղ գործարարների լոբբինգն ու քաղաքական ամբիցիաներն ամուսնացած են իրար հետ, և հաշվի առնելով, որ ԲՀԿ-ի գոյության ոչ ամենափոքր նպատակներից մեկը Գագիկ Ծառուկյանի ներդրումների ու ակտիվների համար անվտանգություն ապահովելն էր, հավաքած ձայների քանակը դեռ բավարար է այդ նպատակի համար:

Հաղթեց «Լուսավոր Հայաստանը»: «Ելք» դաշինքի լուծարումից հետո թե՛ «Լուսավոր Հայաստանի», թե՛ «Հանրապետություն» կուսակցության ապագաները մշուշոտ էին թվում: Իրենց կազմած «Լույս» դաշինքը չկարողացավ ուժեղ մարտահրավեր նետել «Իմ քայլին» Երևանի ավագանու ընտրություններում, ու «Լուսավոր Հայաստանի» առանձին կուսակցությամբ հանդես գալու որոշումն արդարացված էր:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը, չնայած հավաքած փոքրաթիվ ձայներին, կարողացավ կայանալ որպես պլատֆորմային քաղաքական ուժ Հայաստանի համար աննախադեպ կարճ ժամկետներում: Հաջորդ անգամ իրենք ավելի ճանաչելի կլինեն, հետևաբար՝ ավելի մեծ շանսեր կունենան հաղթահարելու անցողիկ շեմը:

«Սասնա Ծռեր» կուսակցության համար. ընտրությունները ցույց տվեցին, որ «ֆիդայական» մոտեցումը քաղաքականության մեջ մեծ մասսայականություն չի վայելում:

Պարտվեցին դաշնակները: Նրանց ամբիցիան ի սկզբանե Առաջին Հանրապետության վերածնումն էր, բայց հետագա քաղաքական գործընթացները նրանց ստիպեցին բավարարվել իշխող կուսակցության հետ համագործակցությամբ, «կողմ ըլլալով՝ դեմ ըլլալով»: Բայց քաղաքական գոյապահպանման բոլոր քայլերն այս ընտրություններին գործեցին հենց իրենց դեմ, ու 1990 թ.-ից հետո առաջին անգամ ներկայություն չունեցան ԱԺ-ում:

Պարտվեց ՀՀԿ արբանյակ-կուսակցություն ՕԵԿ-ը: Նախընտրական քարոզարշավին հետևած մարդիկ նկատած կլինեին, թե ինչպիսի հուսահատություն էր ծորում ՕԵԿ-ի բացահայտ տարօրինակ տեսահոլովակներից, ու Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը «մեծ քաղաքականությունից դուրս գալու մասին» այս պատմության վերջակետն էր:

Ընտրությունների ամենամեծ պարտվողներից էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: 2017թ. 58 պատգամավորական մանդատից (պաշտոնական արդյունքներով՝ ձայների 49.2 տոկոսը) իջնել մինչև 0 պատգամավորական մանդատ (ձայների 4.7 տոկոսը)՝ սա իրոք կասկածի տակ է դնում կուսակցության ապագան:

Այս ընտրություններում որպես արմատական ընդդիմություն հանդես էր գալիս միայն արդեն հեղինակազրկված Հանրապետականը: Մնացածներն ասում էին՝ «Նիկոլը լավն է, իսկ մենք՝ այլընտրանք»՝ խուսափելով «հակահեղափոխական» թվալուց: Այս մեթոդը, կարևոր փոփոխությամբ, կիրառվում էր նաև նախորդ ընտրություններում. «Սերժը վատն է, իսկ մենք՝ այլընտրանք»: Ու թեև «վատին» այլընտրանք լինելը պոպուլյար տեսակետ է, արդյոք շատերն են «լավին» այլընտրանքի կարիք զգում:

Ես չեմ մեղադրում իրենց. հեղափոխության էմոցիոնալ ֆոնը դեռ ուժեղ է: Փաշինյանի հասցեին ցանկացած քննադատություն դեռ ընկալվում է բավականին սուր կերպով ու կարող է գործել հեղինակությանը դեմ՝ որակելով որպես «միշիկական/քոչարյանական», «հակահեղափոխական» նախագիծ:

Սա այն իրողությունն է, որը մենք պետք է ընդունենք: Երբ հեղափոխական կրքերը հանդարտվեն, մենք նորից կկարողանանք առողջ քաղաքական դիսկուրս ունենալ: Իսկ մինչ այդ մեզ անհրաժեշտ է օգտվել հնարավորությունից ու դարձնել արդար ընտրությունները մեր քաղաքական մշակույթի անբաժան մասը:

 

Ֆիլիպ Արզումանյան

Ավելին
Back to top button