Միջազգային մամուլի տեսություն

«Ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ Լուկաշենկոն չի հայտնվի Հաագայի դատարանի ճաղավանդակների հետևում». Ա. Շատիլով

Բելառուսը դավադրություն է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ իր անկախությունը պաշտպանելու համար: Այս մասին գրում է «Свободная Пресса»-ն՝ «Наша Нива»-ին հղումով: Ըստ աղբյուրի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փակ հանդիպում է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելով «ռուսական կողմից ճնշման պայմաններում» անկախության հարցը: Հանդիպման ժամանակ հանձնարարվել է մինչև վերջ պաշտպանել երկրի անկախությունը և ուշադրությամբ հետևել տեղեկատվական դաշտին:

Նշվում է, որ ավելի վաղ Մինսկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժանանակ Ա. Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստվում է Ռուսաստանի կազմում ընդգրկել Բելառուսին «խորը ինտեգրման» քողի տակ:

Բանն այն է, որ 2019 թվականին Ռուսաստանը պատրաստվում է հարկային մանևր իրականացնել, որը կայանում է նավթային և նավթամթերքի արտահանման հարկերի աստիճանական վերացման մեջ, և միաժամանակ բարձրացնել հանքային արդյունահանման հարկը: Այս ամենը կարող է լուրջ ֆինանսական հարված հասցնել Բելառուսին, որը, ըստ Բելառուսի Ֆինանսների նախարարության հաշվարկների՝ 6 տարվա ընթացքում 10 մլրդ դոլարի վնաս կհասցնի երկրի տնտեսությանը:

Այս կապակցությամբ ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի «Սոցիոլոգիայի և քաղաքագիտության» ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Շատիլովը «Свободная Пресса»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Լուկաշենկոն Յանուկովիչի բռնած սխալ ուղին է ընտրել:

«Նա նույնպես փորձում էր հավասարակշռություն պահել Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ առաջնորդվելով «և՛ պատիվը պահպանել, և՛ կապիտալ ձեռք բերել» սկզբունքով: Արդյունքում նա ոչ միայն կորցրել է իշխանությունը, այլ նաև ինքն է հազիվ փրկվել մայդանացիներից: Նման կերպ գործում է նաև Լուկաշենկոն, ով հայտարարում է երկու եղբայրական ժողովուրդների ընկերության մասին և նույն պահին վախեցնում է հասարակությանը Ռուսաստանի էքսպանսիոնիստական մղումներով»,- ասաց Շատիլովը՝ նկատելով, որ նման կերպ Բելառուսի նախագահը փորձում է իր վարկանիշը բարձրացնել Արևմուտքում:

Ըստ փորձագետի, սակայն, Ռուսաստանն իրականում չի պատրաստվում իր ուսերի վրա վերցնել Բելառուսի տնտեսությունը, քանի որ դա շատ ծախսատար է: Շատիլովի կարծիքով՝ դա սխալ մոտեցում է:

«Եթե առաջնորդվենք միայն պրագմատիկ մոտեցմամբ մեզ մոտիկ ժողովուրդների հետ հարաբերություններում, ձախողումներն անխուսափելի են, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի հետ: Ռուսաստանն աշխատում էր օլիգարխների հետ՝ փորձելով գնել նրանց հավատարմությունը: Եվ չէր աշխատում հասարակության հետ: Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց»,- նկատեց փորձագետը և հավելեց, որ Լուկաշենկոյի նման նյարդային պահվածքի հիմքեր չկա, թեև, իհարկե, նրան դուր չի գալիս, որ Ռուսաստանը կրճատում է արտոնյալ գներով նավթի և գազի մատակարարումը:

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Ալեքսանդր Գրիգորևիչը չափն անցնում է, քանի որ, ի տարբերություն, օրինակ, այլ հետխորհրդային ղեկավարների, Արևմուտքի հետ առևտրի համար նա ունի նվազագույն մանևր: Եվ եթե նա անգամ ուղիղ ճանապարհ բռնի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ինտեգրմանը, նրան անպայման կհիշեցնեն նախորդ «մեղքերը» լիբերալ արևմտամետ ընդդիմության առջև: Եվ այն ժամանակ ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ նա չի հայտնվի Հաագայի դատարանի ճաղավանդակների հետևում, կամ անգամ մահափորձ է կազմակերպվելու Մինսկում արևմտամետ հեղաշրջման ընթացքում: Այնպես որ, կարծում եմ, որ Լուկաշենկոն պիտի ավելի հանգիստ պահի իրեն»,- եզրակացրեց Շատիլովը:

 

Նինա Մարգարյան

Ավելին
Back to top button