Գյումրիում գործի են անցել ՔՀ արագ հակազդման օպերները
Այս պահին Գյումրու ոստիկանությունում դատաբժշկական փորձաքննություն է անցնում երեկ Գյումրիում հնչած կրակոցների գործով միակ ձերբակալված Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդին՝ Վահե Անդրանիկի Ղուկասյանը: Այս մասին մեր լրագրողը տեղեկացել է ոստիկանությունում:
Աշխատանքներն իրականացվում են Շիրակի մարզի և Գյումրու ոստիկանապետերի, ինչպես նաև ՇՄ քննչական բաժնի ղեկավարի գլխավորությամբ: Սրան զուգահեռ ժամը 19:00-ի սահմաններում մի քանի խմբերով գործի անցան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները:
«Մի քանի խմբերով կցրվեք քաղաքում, ժողովրդի հետ կխոսեք շատ բարեհամբույր՝ բացատրելով քաղաքում ստեղծված իրավիճակը, կոպիտ վերաբերմունք չտեսնեմ, մարդկանց մեջ ի վերջո վախ կա: Կկանգնեցնեք կասկածելի թվացող մեքենաներն ու կստուգեք, բացատրեք, թե ինչի համար եք անում այդ ամենը, որպեսզի հետո ուրիշ տպավորություն չստեղծվի»,- նշել է բաժնի ղեկավարը:
Նշենք, որ այս խումբը Գյումրիում աշխատանքներ իրականացրել է նաև երեկ՝ երեկոյան ժամերին, իսկ այսօր նրանց դարձյալ շտապ կանչել են Գյումրի: Մեր լրագրողը փորձել է ճշտել, թե ինչ պատճառով, արդյո՞ք ինչ-որ վտանգ կա, սակայն նշել են, թե քաղաքում օպերատիվ աշխատանքներ են իրականացվում: Նրանք քաղաքում շրջում են ճանապարհային ոստիկանների ուղեկցությամբ:
Հերմինե Մկրտչյան