Օբաման դարձյալ նախընտրեց «Մեծ եղեռն» արտահայտությունը

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել ավանդական ելույթով` կապված Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ:
«Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնը և հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր զոհվել են 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի արդյունքում: 98 տարի առաջ` Օսմանյան կայսրության վերջին օրերի ընթացքում, սպանվել կամ մահվան են ուղարկվել 1,5 միլիոն հայեր: Ես մեկ անգամ չէ, որ 1915 թվականի դեպքերի առթիվ իմ կարծիքն եմ հայտնել, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի ամբողջական ճանաչումը բոլորի օգտին կլինի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Ինչպես ընդգծել է Օբաման` ազգը ուժեղանում է՝ ընդունելով անցյալի ցավալի դեպքերը, դրանով իսկ ստեղծելով ավելի արդար և հանդուրժող ապագայի հիմքը: «Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների այդ դասը, քանի որ փորձում ենք հաշտվել մեր սեփական պատմության ամենամռայլ դեպքերից մեկի հետ: Մենք գնահատում ենք այն բոլոր քաջ հայերին ու թուրքերին, ովքեր արդեն կանգնել են այդ ճանապարհին: Հայ ազգի պատմության ու ժառանգության մեջ նկատվում է անկոտրում կամք և մեծ դիմակայություն հսկայական դժբախտությունների ու տանջանքների հանդեպ»,- ասել է նա:
Նշենք, որ ԱՄՆ հայ համայնքը բազմիցս դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` պահանջելով իրականացնել իր նախընտրական խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով “genocide” (ցեղասպանություն) եզրույթը «Մեծ Եղեռն» հայկական տերմինի փոխարեն:
Տաթև Ֆռանգյան