Նորություններ

Եթե փոքր կուսակցություններն անցնեին ԱԺ, կմեծանար քննադատների թիվը ԱԺ ներսում, բայց իրավիճակը լրջորեն չէր փոխվի. Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ձևավորվող խորհրդարանի լրջագույն խնդիրը համարում է ոչ թե այն, թե ովքեր են ներկայացված լինելու ԱԺ-ում, այլ նորմալ քաղաքական համակարգի բացակայությունը: Խորհրդարանական կառավարման երկրում պետք է լինեն նորմալ ռեսուրսներ ունեցող քաղաքական ուժեր, ինչը Հայաստանում լուրջ խնդիր է.

«Ձևականորեն, իհարկե, գոյություն ունեն, բայց զարգացումը այս քաղաքական ուժերի՝ իրենց հիերարխիաներով, երկխոսություններով, փորձագիտական ռեսուրսներով, մարդկային ռեսուրսներով, տեխնոլոգիաներով, չկան: Մենք դա տեսանք, որ գաղափարական պայքար ընդհանրապես չկար, նրանք բանավիճում էին ոչ ծրագրերի շուրջ, ուրեմն կա՛մ չկան ծրագրերի վրա աշխատող մարդիկ, կա՛մ չունեն ընդհանրապես կամ պատրաստված չեն ծրագրեր կազմելու համար»,- կարծում է Իսկանդարյանը:

Խոսելով կուսակցությունների ռեսուրսներից՝ ասում է. «Եթե հաղթող կուսակցության ցուցակը փոխվեր 100 տոկոսով, և այնտեղ ընդգրկված անձանց փոխարեն բոլորովին այլ անձինք ներառեին, ոչինչ չէր փոխվի: Իսկ դա խնդիր է, որովհետև կուսակցական կառուցվածքը խորհրդարանական կառավարման հիմքն է հանդիսանում, եթե չկա զարգացում, այդպիսի կառավարման մեթոդը շատ վատ է աշխատում, և դա Հայաստանի համար խնդիր է»,- նշում է քաղաքագետը:

Բացարձակ մեծամասնությամբ իշխանական ուժի կառավարման իրական վտանգներ տեսնում է, այն, որ ավելի քան 70 տոկոսով ԱԺ-ում ներկայացված է լինելու մեկ քաղաքական ուժը, դա արդեն խնդիր է, բայց չի էլ կարող ասել, թե ընդդիմության ներկայությամբ խորհրդարանում այլ իրավիճակ կլիներ: Տարիների փորձն է դա ցույց տվել: Հիմնավորում է այսպես.

«Վատ չէր լինի, եթե խորհրդարանում ընդդիմություն լիներ, այսպիսի խորհրդարան բացարձակ առանց ընդդիմության առաջին անգամ ունենք, անկախությունից ի վեր առաջին անգամ: Եթե փոքր կուսակցություններն անցնեին ԱԺ, կմեծանար քննադատների թիվը ԱԺ ներսում, բայց չեմ կարող  ասել, որ իրավիճակը լրջորեն կփոխեր, քանի որ նախկին խորհրդարանում ունեինք «Ելք», որը բավական ակտիվ, բայց քաղաքական գործընթացների վրա դա ոչ մի կերպ չէր ազդում»:

Ավելին
Back to top button