«Մենք Ալիևի նավթադոլարների չափ փող չունենք.վիրավորական է, որ ես կաշառք պիտի տամ, որ քոչարին ճանաչվի հայկական»

Նոյեմբերի 30-ին Մավրիկիոսում (Հարավարևելյան Աֆրիկայում գտնվող կղզի–պետություն) կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանում «յալլի» անունով հայտնի պարը (քոչարի, թամզարա) տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պահպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այս նորությունը չէր կարող բողոքի ալիք չբարձրացնել: Հետո այդ դժգոհություններին արձագանքեցին ՀՀ արտաքին գործերի ու մշակույթի նախարարությունները: Ըստ այդմ՝ UNESCO-ն քոչարին չի ճանաչել որպես ադրբեջանցիների ստեղծած և ադրբեջանական պար: Ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում այդ տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) տվյալ տարրի մշակութային դրսևորումները և դրանց առանձնահատկությունները։
Այս առիթով մասնագիտական հանրության կարծիքն իմանալու, հակադարձումներին ծանոթանալու համար ԳԱԼԱ-ն զրուցել է Ազգային պարարվեստի գործիչ, բանահավաք, գրող, մշակութաբան, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ հետ:
-Պարո՛ն Գինոսյան, ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը տեղի ունեցածին՝ որպես պարարվեստի գործիչ:
Եթե «յալլի» են գրել, ուրեմն փակագծում չպիտի ներկայացվեն մնացած բառերը: Եթե ներկայացվում են մնացած անունները, կարծես ասես՝ ավանդական պար, հայկական տարածքներ կան, որ ասում են ջան բռնել, նշանակում է պարել, և դրա տակ կարող են ասել՝ ո՞րը բռնենք՝ վերվերին, թե՞… Բառեր կան, որոնք հոմանիշ են, կարող են լինել՝ մի մասնավոր պարի անուն վերածվի ընդհանուր պարի հոմանիշի: Իրենց ավանդական շուրջպարը, որ կոչվում է յալլի, որի մեջ որպես տարատեսակներ գրանցված են քոչարին ու թամզարան: Լուրջ պարզաբանում, թե ինչու են փակագծում նշել, չկա: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե դա մշակութային քաղաքականության ոլորտում պարտություն կարելի՞ է համարել, ասեմ, որ մեր մշակութային քաղաքականությունը նույն քաղաքականության շարունակությունն է, ինչ մեր երկիրն ունի իր արտաքին քաղաքականության մեջ տարիներ, տասնամյակներ շարունակ: Երբ մենք Արցախի խնիրը դիտարկում ենք սկսած 1991 թվականից, ապա մենք, բնականաբար, այստեղ էլ պարտվողի կարգավիճակում ենք հայտնվում դիվանագիտորեն, որովհետև եթե իրենք բերեն 5 պարողի տեսագրություն, որտեղ իրենք էլ պարում են, կարող են ինչպես և նարդին, աշուղական արվեստը դիտարկել համաարևելյան, և ամեն մեկն իր տարբերակն ունի, կարող ենք քոչարին էլ դիտարկել որպես այդպիսի տարբերակ: Սակայն եթե մենք այդ ամեն ինչին զորավոր ենք վերաբերվում, ապա մենք կարող ենք ուղղակի բերել փաստագրությունը, դեմոգրաֆիան, երբ հռչակվեց Ադրբեջանի հանրապետությունը որպես պետական միավոր, և այդ ժամանակ Նախիջևանի ազգաբնակչության 98%-ը հայեր են, շատ վիճելի է դառնում, թե այնտեղ ինչ ադրբեջանական տարրի մասին է խոսքը: Միաժամանակ խնդիր է բարձրացվում նաև մշակութային ցեղասպանության, որովհետև 98% ազգաբնակչությունը վերածվել է 0% հայկական ֆակտորի: Այսինքն՝ երբ մենք մշակութային ու դիվանագիտական առումով հերթական անգամ նույն տգետ վերաբերմունքն ունենք, երբ մեր պատմությունը սկսում ենք 301թ., երբ ընդունեցինք քրիստոնեություն, և ինչ-որ մեկը Հայկի և Բելի ճակատամարտի մասին խոսելիս ասում է, թե մենք ինչ կապ ունենք բարբարոս հեթանոսների հետ, ի՞նչ կարող ես ասել: Ո՞ր բարբարոսների մասին է խոսքը, այն, որ կառուցում էին հազարամյակների համա՞ր, որ մինչ օրս կանգուն է: Երբ մենք մեր պատմությունը սկսում ենք 301թ., և գալիս է մի իշխանություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որը դիտարկում է, որ Հայաստանի պատմությունը 1991 թվականից է, և երբևէ ՀՀ-ում չի նշում Մայիսի 28-ը որպես իրական անկախության տոն, հիմա էլ նոր իշխանությունը հավանաբար կդիտարկի, որ հայոց պատմությունը սկսվում է 2018թ. ապրիլ-մայիս ամիսներից, մենք այդպես դիտարկելիս միանշանակ պարտվելու ենք: Մենք չենք դիտարկում խորքային խնդիրներ և չենք դիտարկում պատմական հենքով: Այս տեսանկյունից մենք շատ խոցելի դիվանագիտություն ունենք:
Չգիտեմ՝ ում թելադրանքով է, որ մենք չենք բոյկոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ին և չոր, կոշտ հայտարարություն չենք անում դրա դիրքորոշման հետ կապված, չենք բարձրաձայնում, թե իրենց արածն ինչ է: Այն պարագայում, երբ գիտենք, որ 4 տարի շարունակ քոչարին չէին գրանցում, որովհետև տիկին ազգությամբ բուլղարուհի Իրինա Բոկովան սնվում էր ալիևյան նավթադոլարներով և թույլ չէր տալիս, որ քոչարու հայտը գրանցեն: Մենք դիվանագիտական տեսանկյունից էլի մակերեսային դիրքորոշում ունենք, և դա միշտ բերելու է պարտվողականության: Ինչ վերաբերում է այն մտածելակերպին, որ մենք էլ շատ փող ներդնենք, որ այս կամ այն հայտը գրանցեն, մենք Ալիևի նավթադոլարների չափ փող չունենք: Նախ՝ ինձ՝ որպես հայ մարդու համար վիրավորական է, որ ես կաշառք պիտի տամ, որ քոչարին ճանաչվի հայկական: Դրա փոխարեն պետք է ազգին իր մշակույթը վերադարձնել, դրա համար գումարներ ներդնել, և հայ մարդը պարի իր քոչարին: Եվ թող ճանաչեն, որ դա ադրբեջանական է, ռուսական է, վրացական է հայի համար, որովհետև մենք չենք դադարել տոլմա ուտել, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է, որ դա ադրբեջանական է: Մենք չենք դադարել թոնիր ունենալ ու լավաշ թխել, չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ն դա նույնպես ադրբեջանական է ճանաչել:
Ամենավատն այն է, որ մենք դիվանագիտորեն աշխարհին չենք հայտարարել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արածը սրիկայություն է, և այդ կառույցը կաշառակերության օրրան է: Երբ մենք սրա մասին չենք բարձրաձայնում, իրենք էլ վարվում են այնպես, ինչպես ուզում են: Մենք կամ պետք է իմանանք, որ աշխարհը հաշվի է նստում ուժեղների հետ, և լինենք մի այնպիսի երկիր, որն իր հարցադրումներն ունի աշխարհին, կամ պետք է համակերպվենք այն մտքի հետ, թե՝ դե մենք ի՞նչ անենք, խաղը առած է, մրցավարն էլ ծախված է: Երբ մեր օլիմպիական կոմիտեն չի բողոքարկում, թե ինչու այն տղան զրկվեց ոսկուց, մենք չենք բողոքարկում, բայց հույս ունենք, որ նրանք արդարացի ճանաչելու են, որ մրցավարը մեղավոր էր (նկատի ունի Ռիոյի 31-րդ Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած և կողմնակալ մրցավարության պատճառով ոսկուց զրկված ըմբիշ Միհրան Հարությունյանին, որը սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում զրկվել էր օլիմպիական ոսկուց կողմնակալ մրցավարության պատճառով-խմբ.), շատ հետաքրքիր է, թե այս հարցը ում հայցադիմումով պետք է վերաքննարկվի: Մենք այդ տղային ներսում հերոսացնում ենք, դրսում վախենում ենք բարձրաձայնել, որ մրցավարը սխալ է դատել:
—Արդյոք ՀՀ-ն միջոցներ չպետք է ձեռնարկեր՝ հայտը օրակարգ չհասնելու համար:
-Ես ծանոթ չեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնակարգին, ցանկացած մեկը կարող է հայտ ներկայացնել, բայց դա պետք է հիմնավորված լինի, ու դրա նկատմամբ որևէ այլ տեսակետ հարակից երկրներից չի հնչելու: Չեմ կարող ասել, թե մենք ինչով ենք թերացել: Ոչ կոմպետենտ կարծիք չեմ ուզում ասել, բայց վստահաբար մենք թերացել ենք, որովհետև այս հարցը շրջանառվում էր ամիսներ շարունակ: Իսկ ի՞նչ է նշանակում մշակույթի նախարարության այն դիտարկումը, թե հայտի գրանցումը սեփականության իրավունք չի նշանակում: Դա նշանակում է, որ նաև մեր սեփականությունը չէ, որովհետև նույնկերպ մեր հայտն է գրանցվել: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կռվախնձո՞ր է դարձնում ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ դրանով կարևորելով իր դերը: Կամ պետք է հրապարակավ հայտարարություն արվի և ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գաս, կամ ուղղակի զորեղացնել մեր թևը, հզոր դիվանագիտություն պետք է ունենաս, դա հանրայնացնես, որպեսզի մյուս ազգերը, մշակութային գործիչները տեղյակ լինեն, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչով է զբաղված: Հակառակ դեպքում անիմաստ է այդ կազմակերպության մեջ լինելը:
— Դուք համամի՞տ եք ոմանց այն կարծիքին, որ ՅՈՒՆԵՍԿՕ—ն այն ծանրակշիռ կառույցը չէ, որի գործունեությանն ու արած քայլերին պետք է ծանրակշիռ կերպով արձագանքել:
-Եթե դա համաշխարհային միակ կառույցն է, որը զբաղվում է նման գործերով, պետք է հասկանալ, որ, այնուամենայնիվ, կշիռ ունեցող կառույց է: Չեմ կարող ասել՝ այդ կառույցը ստեղծված է ինչ-որ մեկի ձեռքին գործիք դառնալու և մշակույթի միջոցով քաղաքականությանն ուղղորդելո՞ւ համար, մեծ տերությունների մշակութային կցո՞րդ է, թե՞ բուն քաղաքականության թերացումներն արձանագրող ու լուծող կառույց: Վերջին տարիների զարգացումները ցույց են տվել, թե ինչպիսի թեթևությամբ են ճանաչվում դոլման, լավաշը, քոչարին, թամզարան: Թամզարան գյուղաքաղաք է Թուրքիայում և տեղանքային բնույթ ունի: Եթե հայերը կարող են հավակնել՝ ասելով, որ դա Արևմտյան Հայաստանի քաղաքն է, որտեղից սկիզբ է առել մշակութային մի երևույթ, որը թամզարա պարերգ է, ապա Ադրբեջանը ոչ մի պատմական հենք չունի Թուրքիայի հետ ինքն իրեն առնչելու և ճանաչել տալու որպես ադրբեջանական մշակութային գանձ: Դա նույնն է, ինչ հիմա մենք Բոստոն վալսը կամ արգենտինական տանգոն հայկական մշակութային գանձ ճանաչենք, որովհետև Բոստոնում 5 հազար հայ է ապրում, իսկ Արգենտինայում էլ հոծ հայ համայնք ունենք, որոնք Բոստոն վալս ու արգենտինական տանգո են պարում: Դա շատ ծիծաղելի դիրքորոշում կլինի:
Զրուցեց Անահիտ Ավագյանը