Նորություններ

«էդ ձևի բաները արդեն կարդում եմ ու անցնում. որտեղ էլ լինեմ, էլի՛ ներկայացնելու եմ Շիրակի մարզը». Ֆելիքս Ցոլակյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, հիմա արդեն հասարակությունը սպասման մեջ է, թե ովքեր են լինելու խորհրդարանի խոսնակը, փոխխոսնակները, պատգամավորի մանդատի համար պայքարում հաղթած անձինք, ովքեր այժմ դեռ գործադիր մարմնում են կամ ուժային կառույցներում, կգերադասեն խորհրդարանականի՞, թե՞գործադիրի աշխատանքը: Այս առումով արդեն անուններ են շրջանառվում: Մասնավորապես, այդ շարքում նշվում է, որ ներկայումս արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար  Ֆելիքս Ցոլակյանն առաջիկայում թողնելու է այդ պաշտոնը: ԳԱԼԱ-ն կարճ զրույց ունեցավ Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Պարո՛ն Ցոլակյան, Դուք ռեյտինգային ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր եք ընտրվել Շիրակի մարզից, այժմ էլ նախարարի աթոռ եք զբաղեցնում, կողմնորոշվե՞լ եք, թե առաջիկայում ո՛ր աշխատանքն եք նախընտրելու:

-Ո՛չ, դեռ չեմ որոշել:

-Մամուլում շրջանառվում է, որ Դուք զբաղեցնելու եք ԱԱԾ տնօրենի պաշտոնը:

-Էնքան են գրել էդ ձևի բաներ, արդեն կարդում եմ անցնում եմ, կարդում եմ անցնում եմ: Ում մտքով ինչ անցնում է, գրում է էլի՛: Նման բան չկա:

-Հետընտրական օրերին այդ թեմայով քննարկում չի՞ եղել «Իմ քայլի» շրջանակում, և եթե չի եղել, առաջիկա օրերին լինելո՞ւ է:

-Չի եղել, տեղյակ չեմ ոչ մի բանից: Ինձ որևէ մեկը ոչինչ չի ասել:

-Իսկ եթե որևէ առաջարկ ստանաք, կընդունե՞ք:

-Նայած ինչ:

-Օրինակ՝ ո՞ր առաջարկի դեպքում կհրաժարվեք մանդատից:

-Էլի չգիտեմ:

Եթե անգամ համաձայնեք որևէ պաշտոնի գնալ, մի՞թե «դավաճանած» չեք լինի Ձեր ընտրողին, որը Ձեզ քվե է տվել այն բանի համար, որ ներկայացնեք Շիրակի մարզը:

-Ո՛չ: Որտեղ էլ լինեմ, էլի՛ ներկայացնելու եմ Շիրակի մարզը: Անպայման անելու եմ այն, ինչ որ անելու է պատգամավորը: Նույն բանը ես կարող եմ ցանկացած տեղում լինելով փորձել անել, այսինքն՝ մարդկանց հետ լինել, մարդկանց հոգսից տեղյակ լինել և աշխատել այդ հոգսերին լուծում տալ:

-Իսկ ո՞ր աշխատանքն է Ձեզ հոգեհարազատ, որտե՞ղ եք, այսպես ասած, Ձեզ զգում Ձեր ափսեի մեջ:

-Չեմ կարող ասել, դեռ վաղ է նման բաների մասին խոսել: Ես այնքան եմ տարբեր բնագավառներում աշխատել, որ դրա մասին չեմ կարող խոսել:

Զրույցը՝ Անահիտ Ավագյանի

Ավելին
Back to top button