«Շոու ծրագիրն ավարտված է. մեզ մնում է ծափահարել մեծ վարպետներին». Լուսինե Բադալյան

Հերթական բեմականացում, շոու ծրագիր, որը մեծ վարպետությամբ կատարեցին եւ հասցրեցին ավարտին բոլոր կողմերն էլ: Իսկ մեզ մնում է ծափահարել: Այսպես է բնութագրում անցած ընտրական գործընթացը հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը: Նրա կարծիքով` Երեւանի ավագանու ընտրություններն էլ, ինչպես անցած ընտրական գործընթացները, խիստ կանխատեսելի էին ժողովրդի համար եւ ոչ զարմացնող: «Այնպես չէ, որ անկանխատեսելի էր, ամեն ինչ շատ կանխատեսելի էր: Ժողովուրդը շատ լավ գիտեր՝ նույնիսկ տոկոսային ինչ հարաբերությամբ որ կուսակցություններն էին անցնելու: Այնպես որ, ամեն ինչ շատ կանխատեսելի էր: Բայց այնպես չէ, որ ժողովրդի սրտով էր կամ ժողովուրդը ընտրեց:
Ես միայն ուզում եմ ասել, որ հարգում եմ այն անդամների դիրքորոշումը, որոնք հայտարարեցին մանդատներից հրաժարվելու մասին: Կարծում եմ` դա, այս պահի դրությամբ, միակ տարբերակն էր, ավելին՝միակ ազնիվ որոշումն էր, որ կարող էին ընդունել: Որովհետեւ տեղի ունեցածը, ես կասեմ՝ինքնանպատակ ընտրություններ էին, իշխանության եւ աթոռի կռիվ էր բոլոր կողմերի համար էլ: Իսկ ժողովուրդը շատ լավ դա տեսնում է: Դրան ես նայում եմ որպես շուո ծրագիր, որը բավականին հաջող էր, հաջողված շոու ծրագիր էր»:
Լուսինե Բադալյանի խոսքերով՝ այսօր այն վիճակն է, երբ արժեզրկված է ոչ միայն իշխանությունը, այլ ունենք նաեւ այդ իշխանությանը համարժեք ընդդիմություն:
«Ընդդիմությունն անընդհատ պայքար ասելով եւ ոչինչ չանելով՝ ուղղակի այդ «պայքար» հասկացությունը արժեզրկեց, որովհետեւ այդ պայքարի մեջ ոչ ոք չի տեսնում իրական պայքար: Բավական է տեսնի իշխանություն` միանգամից կմոռանա այդ պայքարի մասին, անձնուրաց պայքարի մասին չէ խոսքը, այլ իշխանության, աթոռի պայքարի մասին է խոսքը, եւ այդ հիասթափությունը համակել է ոչ միայն ինձ, այլ համակել է շատ շատերին: Բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ էին պայքարել, բայց պայքարել ուղղակի երկրի բարօրության համար, ոչ թե իշխանության կամ աթոռի համար: Դրանք տարբեր են, էլի: Իմ անձնական կարծիքով, եթե պայքար էլ կա` իշխանություն նվաճելու պայքարն է միայն: Իսկ իշխանությունը խաղարկում է այս ամենը եւ միշտ հաղթում է: Եւ իշխանության հաղթանակը միշտ եւ ուղղակի պայմանավորված է նրանով, որ ընդդիմության պայքարը ոչ թե անձնուրաց է, այլ պայքար է իշխանության համար:
Այն օրը, երբ որ ընդդիմությունը որոշի պայքարել ոչ թե իշխանության գալու համար, այլ ինչ-որ բան փոխելու համար, ընդդիմությունը եւ նաեւ մենք` կհաղթենք: Նույնիսկ եթե անգամ իշխանությունը շարունակի մնալ այսօրվա իշխանությունը, նա կսկսի ծառայել, բայց քանի որ ամեն ինչ կեղծ է բոլոր կողմերից, ով ուժեղ է` նա կարողանում է շրջադարձ կատարել իր կողմից», -ասաց Լուսինե Բադալյանը:
Քրիստինա Մկրտչյան