«Քարոզարշավի ընթացքում բռնության էական դեպքեր չեն արձանագրվել». Դանիել Իոաննիսյան

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԱԺ ընտրությունների ընթացքում կատարած դիտորդական առաքելության մասին, նաև անդրադարձ կատարեց նախընտրական քարոզչական շրջանին՝ մասնավորեցնելով, որ այդ ընթացքում 11 մեդիա փորձագետներ են աշխատել, ովքեր դիտարկել են լրատվամիջոցներով նախընտրական քարոզչության և դրան նախորդող մեկ շաբաթվա լուսաբանումը:
Դանիել Իոաննիսյանը փաստում է, որ հիմնականում վերգետնյա հեռարձակողները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ապահովել են հավասար պայմաններ, այդուհանդերձ դրան նախորդող ժամանակահատվածում շատ հեռուստատեսություններ հավասար պայմաններ չեն ապահովել: «Եղել է հեռուստատեսություն, որը մեկ մասնավոր կուսակցության եթեր է տվել ավելի շատ, քան այս կուսակցությանը եթեր են տվել մնացած բոլոր հեռուստատեսությունները միասին վերցրած»:
Ըստ Իոաննիսյանի՝ քարոզարշավի ընթացքում բռնության էական դեպքեր չեն արձանագրվել: Բանախոսը քարոզարշավի հիմնական խնդիրը համարում է ժամանակահատվածի կարճությունը: «12 օրը շատ կարճ ժամկետ է ժողովրդավարական հասարակությունում նման մասշտաբի կարևոր ընտրություններ իրականացնելու համար, բայց առհասարակ պետք է արձանագրել, որ սա քարոզարշավ էր, եթե նախկինում մենք ավելի շատ ականատես էինք լինում քարոզարշավի ֆասադի, ապա այս անգամ մենք իրոք ականատես եղանք քարոզարշավի»: