«Մենք պայքարում ենք Սերժիկի, Տիգրանի ու Տարոնի դեմ»

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի լրագրողը` Ազատության հրապարակում քիչ առաջ նստացույց հայտարարեց ՊՆ կենտրոնական ապարատում երկար տարիներ պատասխատանու պաշտոններ զբաղեցրած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Վերջինս մեր լրագրողի հետ զրույցում ասել է. «Իրոք, խնդիրներ կան արժանապատիվ ապրելակերպի հետ կապված եւ ունենք պահեստազորի շատ սպաներ, որ պահեստազորից հետո Հայաստանից գնացել են, դրա հետ մեկտեղ ունենք ազատամարտիկներ, ովքեր մասնակցել են Արցախյան հերոսամարտին, որ հետո հիվանդության պատճառներով չեն կարողացել շարունակել ծառայությունը՝ վիրավոր լինելու հանգամանքով եւ ստանում են չնչին կենսաթոշակ, որը ոչ մի բանի չի բավականացնում»:
Վոլոդյա Ավետիսյանը նշել է, որ մի խումբ ազատամարտիկների հետ պատրաստում են դիմում- նամակ, որը հասցեագրելու են վարչապետ Տիգրան Սարգսյանին, իսկ մինչ այդ մնալու են Ազատության հրապարակում:
Ազատության հրապարակում Վոլոդյա Ավետիսյանի նստացույցին միացել են նաեւ մի խումբ այլ ազատամարտիկներ եւս: Նրանցից Երեմ Ղուկասյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ 1996 թվականից սկսած դիմում է պետական մի շարք կառույցների` օգնության խնդրանքով, սակայն դրական պատասխան չի ստացել: «Բնակարանը ձեռքիցս առել են, եւ ինձ դուրս են շպրտել: Դիմել եմ տարին չորս անգամ Սերժիկին, քաղաքապետ Տարոնին, ով այս անգամ էլ ստախոսությամբ ու խաբեությամբ դարձավ քաղաքապետ, բայց ոչ մի բան չեն ասում»,- մեզ հետ զրույցում նշել է Երեմ Ղուկասյանը: Վերջինս դիմել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից, սակայն, հայտնել են, որ օգնել չեն կարող եւ միայն առաջարկել են գնալ եւ ծերանոցում ապրել:
«Մենք պայքարում ենք Սերժիկի, Տիգրանի ու Տարոնի դեմ: Մեր երկիրը լավն է, բայց սրանք քանդում են, մենք միշտ էլ պայքարում ենք, բայց ի՞նչ անենք` անօգուտ է»:
Հավելենք, որ Ազատության հրապարակում հավաքվել են նաեւ մեծ թվով ոստիկաններ, ովքեր այս պահին խոսում են Վոլոդյա Ավետիսյանի հետ:
Փայլակ Ֆահրադյան