Մշակույթ/Պատմություն

Գեղարդը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության տակ առնելու որոշումը ադրբեջանցին է ընթերցել

Գեղարդի վանքին տրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ։ Նման որոշում է ընդունվել դեկտեմբերի 7-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան Փարիզում՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության կոմիտեի 13-րդ նիստի ընթացքում: Ընդ որում, նիստի ընթացքում Հայաստանի հայտը ադրբեջանցի քարտուղարության աշխատակիցն էր կարդում։

«Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը դարձավ Հայաստանի առաջին մշակութային արժեքը, որին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է տրամադրվել։ Իսկ «Ուժեղացված պաշտպանությունը» մշակված մեխանիզմ է՝ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից: Ուժեղացված պաշտպանությունը խախտելու դեպքում սահմանված են քրեական պատիժներ: 

Հիշեցնենք, որ Գեղարդը դեռ 2000թ. ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում Ադրբեջանն իր մասին հիշեցրել էր նաև օրեր առաջ: Այդ երկրի հայտով ՅՈՒՆԵՍԿՕ-ն քոչարի պարը գրանցել էր մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։ ՀՀ արտաքին գործերի ու մշակույթի նախարարությունները նշել էին, որ ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում այդ տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) տվյալ տարրի մշակութային դրսևորումները և դրանց առանձնահատկությունները։ Այս պարզաբանումից մի քանի հարցեր էին ծագել, որոնք ԳԱԼԱ-ն գրավոր տեսքով հղել է ՀՀ ԱԳՆ-ին: Նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը կներկայացնենք առաջիկայում:

  Անահիտ Ավագյան

Back to top button