Նորություններ

«Իմ մերը հո ճնճուղ չէ՞ր, մեռավ գնաց ու վե՞րջ». Գյումրիում սպանված կնոջ դուստր

Դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, Գյումրիի «Սլաբոդկա» կոչվող թաղամասում 57-ամյա կնոջ սպանությունից օրեր անց պաշտոնապես դեռ ոչ մի տեղեկություն չի հաղորդվում՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, ինչու, և վերջապես չի հաղորդվում նույնիսկ կասկածյալի մասին:

Մահացած կնոջ դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը, այս ամենը խիստ տարօրինակ է համարում: Նա հրավիրում է իրավապաշտպանների և երկրի ղեկավարության ուշադրությունն այս հանգամանքի վրա.

«Ես անզոր եմ, ես ոչ մի բան անել չեմ կարող, ոչ մի հոգի չունեմ, միայն 90-ամյա սայլակին գամված հաշմանդամ տատս է: Առավոտ գնում եմ էլի գործի, իրիկունը տուն գալիս, ու ոչ մի նորություն չկա: Երեկ նորից ինձ կանչեցին ոստիկանության վարչություն, բաներ հարցրեցին, գրեցին, ես էլ գրեցի, գրեցի, որ ուզում եմ դեպքը շուտ բացահայտվի, որ գոնե մի քիչ հանգստանամ»,- պատմեց Անահիտը:

Անահիտ Ղուկասյանը ևս մոր՝ սպանված Ջուլիետա Ղուկասյանի հետ աշխատում էր Գյումրու բնակկոմունալ բաժնում: Մայրն էլ, դուստրն էլ Գյումրու փողոցներն են մաքրել: Պատմում է, որ աշխատավայրերը տարբեր են եղել, առավոտյան միասին են դուրս եկել, բայց գնացել են տարբեր ուղղություններով:

«Այդ առավոտ էլ սովորականի նման առավոտ 7-ի կողմ էր, դուրս եկանք, մութ էր: Ես ուրիշ ճամփով գնացի, ինքը՝ ուրիշ, հետո իմացանք այս դեպքը: Մայրս նույնիսկ գործի չի հասել, ճանապարհին է եղել դեպքը: Այդպես էլ հետը չկարողացա խոսել: Հարվածել էին գլխին, տարել են հիվանդանոց: Հիվանդանոցում բժիշկներն էլ, ոստիկաններն էլ թույլ չտվեցին տեսակցել: Քննիչների հետ էր խոսել, ասել էր՝ դեմքը չի տեսել, հետևից է եղել հարվածը»:

Անահիտ Ղուկասյանին հասած առաջին վարկածն այն էր, որ հարվածողը եղել է 102-րդ ռազմաբազայի զինծառայող: Հետո հերքել են, հիմա նույնիսկ չի կարող պատկերացնել, թե ով կարող էր լինել հարվածողը.

«Ում ենք վատություն արել՝ չգիտեմ, ոչ մի բան չի եղել, նույնիսկ թշնամիներ չունենք, հա զինծառայողն ինչի՞ պետք է ուզենար սպանած լիներ: Բայց հո էսպես չի կարող մնալ, հո իմ մերը մի ճանճ չէ՞ր, որ սատկեր գնար ու վերջ: Ճնճու՞ղ էր, եղավ, անցավ, հիմա էլ ոչ մեկը չի խոսում: Այդպես էլ բան կլինե՞ր»:

Անահիտ Ղուկասյանը պատմեց, որ շատ կարիքավոր են, մորը նույնիսկ հուղարկավորել չի կարողացել, օգնել է Գյումրու քաղաքապետարանը, ամբողջ ծախսերը համայնքն է փակել:

«Բայց չի նշանակում, թե վերջ: Մահացավ, թաղեցինք, բայց հո չվերջացավ: Պետք է հասկանանք՝ ինչու այսպես եղավ»,- ասում է Ղուկասյանը:

Հիշեցնենք, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը):

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարել էր, որ գյումրեցի 57-ամյա կնոջ սպանության միջադեպին 102 ռազմաբազայի զինծառայողները մասնակցություն չեն ունեցել:

Քրիստինա Մկրտչյան

Ավելին
Back to top button
Close