Նորություններ

Դռան անցքից հարևանի տուն նայողը ցեխ շպրտոցն է ցանկացել նայել. քաղտեխնոլոգ

Դեկտեմբերի 7-ը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզչության վերջին օրն է, ամսի 8-ը լռության օր է: Անցնող քարոզարշավին ԳԱԼԱ-ի խնդրանքով գնահատական է տվել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

-Պարո՛ն Քոչարյան, ըստ Ձեզ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ի՞նչ տվեց ընտրողին, այն որքանո՞վ էր տեղավորվում դասական քարոզչության շրջանակների մեջ: Այս համատեքստում որպես առանձնացող տարր ի՞նչ արձանագրեց ու տվեց հեռուստաբանավեճը, որին մասնակցում էին ընտրարշավում ընդգրկված բոլոր 11 քաղաքական ուժերը:

-Հարցի առաջին մասին՝ ի՞նչ տվեց ընտրողին, ոչ ոք չի կարող պատասխանել, բացի սոցիոլոգիական ծառայություններ մատուցող ընկերություններից: Մենք անգամ նորմալ սոցիոլոգիական հարցում չունենք, ուր մնաց թե մի առանձին բանավեճի մասին: Դուք հիմա ինձանից ամերիկյան տեխնոլոգիայով սոցիոլոգիական պատասխան եք ուզում: Իսկ ինչ վերաբերում է հարցի 2-րդ մասին, ապա ես այն միանշանակ դրական եմ գնահատում: 3 ժամանոց բանավեճը ցույց տվեց, որ մեզ մոտ էլ հնարավոր է անել բավականին քաղաքակիրթ, գրագետ ու հանգիստ բանավեճ, այնպիսի բանավեճ, որտեղ նստած են ոչ թե 2-3, այլ 11 հոգի (դա իմ կարծիքով սխալ է, բայց քանի որ 11 հոգի էին, պետք է 11-ն էլ լինեին), և որտեղ ոչ մեկը ոչ ոքի չի վիրավորի, սահմանները չի անցնի, ամեն ինչ կլինի քաղաքակրթության սահմաններում, ինչը անգամ որոշ զարգացած երկրներում այդպես չէ: Այս առումով ես չէի ասի, որ բանավեճի մշակույթն արմատացավ, բայց որ ցանեցին այդ սերմը, և այն ծիլեր տվեց, դա մնում է փաստել:

— Իսկ հեռուստաբանավեճից բացի՝ ինչպիսի՞ն էր քարոզչությունն ամբողջության մեջ, որովհետև կա կարծիք, որ ականատես եղանք մեծ մասամբ միմյանց վրա ցեխ շպրտելուն, բայց ոչ ծրագրերի ներկայացման:

-Քարոզարշավի ժամանակ և՛ ցեխ շպրտելը եղավ, և՛ ծրագիր ներկայացնելը, պարզապես ով ինչ ուզում է լսի, այն էլ լսում է: Քանի որ մեր հասարակությունը սիրում է սերիալներ՝ սպանություններ, լացուկոծ, դռան անցքից նայել հարևանի տուն, ով ցեխ շպրտոցն է ցանկացել նայել, ցեխ շպրտոցն է նայել, քաղաքակիրթ հատվածը ծրագրերն է ուզեցել նայել: Ցավոք սրտի, մեր հասարակության մի մեծ մասն ընդունում է ընտրությունները ոչ թե գաղափարական և ծրագրային մակարդակում, այլ՝ էմոցիոնալ: Դա մեր խնդիրն է, այդ թվում՝ նաև Ձեր և իմ, որ մենք չենք կարողացել հասարակությանը կրթել, ավելին՝ մենք դեգրադացրել ենք հասարակությանը՝ սովորեցնելով դեղին լուրերին, զվարճալի, անիմաստ բաներին, ինչի հետևանքով հասարակության մակարդակն իջել է շրիշակից ցածր, ուստի՝ ուզում են տեսնել ցեխ շպրտոցը:

— Այս ընտրություններին որպես մասնակից ի հայտ եկան նոր ուժեր, նրանց որքանո՞վ հաջողվեց ճանաչելի դառնալ ընտրողների համար:

-Եթե «Սասնա ծռերին» չհամարենք նոր ուժ, նրանք որպես քաղաքական միավոր նոր են, սակայն արդեն 2 տարի է, ինչ այդ մարդկանց անուն-ազգանունները հասարակության

շուրթերին են եղել, այսինքն՝ ճանաչելիության առումով նոր չեն: Մնացած 3 նոր ուժերից ամենալավն աշխատեց «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որը հիշվել է երիտասարդական էնտուզիազմով, կրեատիվությամբ ու աշխատաոճով՝ մանդարիններով քարոզարշավ իրականացնելով: Եվ քանի որ նրանք նո՛ր են քաղաքական դաշտում, բայց նոր չե՛ն քաղաքացիական դաշտում, և՛ կհիշվեն, և՛ կմնան: Հին ուժերից մի քանիսը հոգնած տպավորություն էին թողնում: «Մենք» դաշինքը լավ է աշխատել: Քանի որ ընտրակաշառք հասկացությունը վերացել է, ընդհանրապես բոլորը փորձում են հասնել յուրաքանչյուր ընտրողի՝ թակել նրա դուռը, հանդիպել նրա հետ, եթերով մտնել նրանց տուն, իհարկե՝ ով որքան կարողանում է: Դա լավ է ստացվում «Իմ քայլի», ՀՀԿ-ի, «Մենքի», «Քաղաքացու որոշումի» մոտ: Սոցցանցում պասիվ, սակայն եթերում շատ ակտիվ է ԲՀԿ-ն, այդ առումով պակաս ակտիվ չէ նաև «Լուսավոր Հայաստանը», բայց սոցցանցում կարծես թե այդքան շատ չի երևում: ՀՅԴ-ն հասկացել է, որ ռեստարտ պետք է լինի, այս ընտրություններին չհասցրեց: Բայց ապագայում բավականին լուրջ ռեստարտ կլինի:

-Մեր նախորդ զրույցում կանխատեսումներ էիք արել խորհրդարան անցնելու հավանականություն ունեցող ուժերի վերաբերյալ: Քարոզարշավի ավարտին Ձեր կարծիքը փոխվե՞լ է, թե՞ մնացել է նույնը:

-Ես իմ կարծիքին եմ մնում, խորհրդարան անցնելու պոտենցիալ ուժերն են «Իմ քայլը», ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը»: Այս ցանկին ես պարզապես կավելացնեմ «Մենքին»: Քանի որ նաև սոցիոլոգիական հարցումներն են ցույց տալիս, որ քաղաքական ուժերի միջև վարկանիշային տարբերությունները շատ քիչ են, այսինքն՝ սոցիոլոգիական հարցման շեղումից (3%) քիչ են, այստեղ կախված ռեյտինգայինի ազդեցությունից՝ չենք իմանում, թե ով կանցնի: Համոզված չեմ, բայց ենթադրում եմ, որ կանցնեն 2-րդ տեղով ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն երրորդ տեղով, 4-5-րդ տեղերում որ ուժերը կլինեն՝ ցույց կտան ընտրությունները:

Զրույցը՝ Անահիտ Ավագյանի

Ավելին
Back to top button