Քո ձայնը

«Սա ոչ թե նոր Հայաստանի սկիզբ է, այլ հին Հայաստանի վերջն է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պատմության մեջ հաճախ են լինում շարժումներ, որոնք կատարել են իրենց առաքելությունը, հայտնվում են դատարկության մեջ:

«Իշխանափոխությունը» Հայաստանի վերջին 25 տարվա քաղաքական պատմության կենտրոնական գաղափարն ու նպատակն է եղել: Մինչ այժմ եղած բոլոր շարժումների նպատակն իշխանափոխությունն է եղել:

Ֆրոյդի պսիխոանալիզի «կրկնվող երազներին» նվիրված տեսության հիմքում այն տեսակետն է, որ կպչուն նպատակներից ազատվելու համար պետք է արթմնի վիճակում այդ նպատակն իրականացվի: Միայն իրականացումից հետո են մարդիկ ազատագրվում կպչուն նպատակներից, վերադառնում իրականություն:

Իշխանափոխությունը կատարվել է, հիմա իրականության գիտակցության ժամանակն է, իսկ իրականությունը ցույց է տալիս, որ մենք մտավոր դատարկության մեջ ենք հայտնվել:

Ապրիլյան իրադարձությունների հիմնական կարգախոսներից էր «Նոր Հայաստան» կառուցելը: Արդյոք մենք հիմա Նոր Հայաստանում ենք ապրում:

Այս համատարած դատարկության և ապակողմնորոշված վիճակը հուշում է, որ սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջը: Մենք դեռևս Հին Հայաստանում ենք ապրում, բայց դրա վերջին փուլում, և դրա ախտորոշումը այն դատարկության զգացողությունն է, որն արտահայտվում է քաղաքական դեբատներում, այսինքն՝ դրանց բացակայության մեջ:

Աշխարհի ստեղծման մասին եղած բոլոր կրոնական ու գիտական տեսություններում տիեզերքն առաջացել է դատարկությունից՝ վակուումից: Այս մտավոր վակուումը Նորի ստեղծման նախապայմանն է: Եկող խորհրդարանը մտավոր վակուումի խորհրդարանն է, և դրա սպասվող կազմը հենց այդ դատարկության արտահայտությունն է լինելու:

Նոր Հայաստանը կարող է ստեղծվել այս խորհրդարանից դուրս, և լավ է, որ խորհրդարանական ուժերը արգելափակված կլինեն պառլամենտի շենքում և չեն խանգարի այդ գործընթացին»:

Ավելին
Back to top button
Close