Նորություններ

«Իմ ականջներում փլատակների տակ մնացածների ճիչն է»

Խորհրդային Վրաստանի առաջնորդ Ջումբեր Պատիաշվիլին 1988-ի դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերակներում փորձում էր օգնել աղետյալներին: Նա խորհրդային առաջին պաշտոնյաներից էր, ով Թբիլիսիի իր առանձնասենյակում զգալով ցնցումները` շտապել էր Նինոծմինդա` այնտեղից` Սպիտակ: Նինոծմինդայից նա կապվել էր Թբիլիսի և հանձնարարել փրկարարներին` գալ աղետի գոտի:

«Ավերակ շենքի մոտ մի կին բարձրաձայն արտասվում եւ օգնություն էր խնդրում: Մոտեցա: Փլատակների տակ մնացել էր նրա դուստրը: «Լսում ե՞ս ձայնը, իմ դուստրն է»,- ասաց նա ինձ: Բայց ես ի՞նչ կարող էի անել: Մոտ կես ժամվա ընթացքում հավաքվեցին մի քանի տասնյակ մարդ և  փլատակների տակից դուրս բերեցին այդ աղջկան: Հիմա շատ դժվար է նկարագրել այն ամենը, ինչ ես տեսա այնտեղ»,- ավերիչ երկրաշարժից 20 տարի անց Թբիլիսիի իր բնակարանում պատմում էր նա:

Երկրաշարժի էպիկենտրոնը Շիրակամուտ գյուղն էր: Ռուզվելտ Պապիկյանն այդ օրը կորցրել է երեք երեխաներից երկուսին` 15-ամյա Հովհաննեսին եւ 12-ամյա Վարսիկին, ինչպես նաև եղբորն ու այլ բարեկամների: Արհավիրքի օրը գյուղի դպրոցում` փլատակների տակ, զոհվեց 111 աշակերտ: Պապիկյանը ամեն օր է հիշում երկրաշարժը: «Իմ ականջներում փլատակների տակ մնացածների ճիչն է»,- սրտի ցավով պատմում է նա:

«Երկրաշարժը Շիրակամուտում խլեց 411 մարդու կյանք, զոհերի մեծ մասը դպրոցում էր եւ կարի ֆաբրիկայում: Դպրոցում զոհվեցին հիմնականում երեխաներ, կարի ֆաբրիկայում` հիմնականում կանայք»:

Խորհրդային Միության արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեն դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում հայտարարում է, որ Միխայիլ Գորբաչովի մասնակցությամբ նախատեսված միջոցառումները տեղի չեն ունենա, իսկ նրա պաշտոնական այցերը Կուբա և Մեծ Բրիտանիա հետաձգվում են Հայաստանի աղետալի երկրաշարժի պատճառով: Գորբաչովը շտապ վերադառնում է Մոսկվա, այնտեղից` Գյումրի: Իշխանության ղեկին գտնվելու մոտ վեցուկես տարիներին սա Խորհրդային Միության ղեկավարի առաջին և վերջին այցն էր Հայաստան ու Անդրկովկաս:

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայից Գյումրի ուղղություն է վերցնում Միխայիլ և Ռաիսա Գորբաչովների օդանավը: Մինչ այդ արդեն Երևանում էին երկրի գրեթե բոլոր նախարարները, Գորբաչովը զանգահարել էր Թբիլիսի և Բաքու, որպեսզի ժամանեն նաև Պատիաշվիլին ու Վեզիրովը: Ադրբեջանի ղեկավարին Երևանի օդանավակայանում ժողովուրդը սուլում է:

Ֆադեյ Սարգսյանը գրում է. «Զանգահարում էին աշխարհի բոլոր ծայրերից և հարցնում, թե ինչով կարող են օգնել: Հաճախ էր զանգահարում Պատիաշվիլին: Զանգահարեց Վեզիրովը և ասաց, որ ուղարկել է երկու շարասյուն օգնություն: Բայց սահմանում (հայերը) օգնությունը հետ էին ուղարկել»:

Ջերմ չէր նաև Գորբաչովի հյուրընկալությունը: Գյումրիից վերադառնալով Երևան` ԽՍՀՄ առաջնորդը նախքան իր կեցավայր մեկնելը մայրաքաղաքում շփվում է բնակիչների հետ: Հայ պաշտոնյաներից Լևոն Չախմախչյանը գրում է, որ երբ Գորբաչովը դուրս եկավ մեքենայից, առաջին հարցը Ղարաբաղի մասին էր: «Միխայիլ Սերգեեւիչը հենց նոր էր վերադարձել Լենինականից, և, թվում էր, երևանցիներին պետք է մտահոգեր աղետի գոտին: Փոխարենը նրան հարցրին` «Ե՞րբ է Ղարաբաղը միացվելու Հայաստանին»:

Գորբաչովի արձագանքը կտրուկ էր: Ո՛չ նա և ո՛չ էլ Ռաիսա Մաքսիմովնան, չէին կարող հասկանալ` ինչպես է հնարավոր նման ծանր պահին մոռանալ պատուհասը և հարցնել Ղարաբաղից՚:

Ֆադեյ Սարգսյանը ցավով նկատում է. «Պետք է ասեմ, որ նա (Գորբաչովը) և իր կինը խոր ցավով էին  նայում այդ (երկրաշարժի) ողբերգությանը: Իհարկե, ամենուր չէ, որ նրանց ընդունեցին հարկ եղած արժանապատվությամբ, իսկ որոշ տեղերում էլ սաստիկ վիրավորեցին: Դա վայել չէր մեր ժողովրդին և  ցավալի էր ինձ համար»:

Պատիաշվիլին հիշում է` Գորբաչովն անկեղծ սրտացավությամբ էր տանում արհավիրքը: Սակայն Խորհրդային Վրաստանի նախկին առաջնորդը նախ և առաջ կարևորում է ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովի ներդրումը, ով շատ բան արեց երկրաշարժի հետեւանքերը վերացնելու հարցում: «Նա շատ ազնիվ և պարկեշտ անձնավորություն է, իսկական հայրենասեր»,- ասում է Պատիաշվիլին:

Վլադիմիր Մովսիսյանը ավելացնում է. «Ռիժկովը մեզ հետ վերապրեց երկրաշարժի պատճառած ցավը: Նա ոչ միայն տնտեսապես, նյութապես և ֆինանսապես էր օգնում Հայաստանին, այլ նաև կիսում էր մեր վիշտը, ապրում այդ ողբերգությունը»:

Aniarc.am

Back to top button
Close