Նորություններ

Հետխորհրդային երկրներից Հայաստանն առաջինն էր, որ ստեղծեց սեյսմակայուն շինարարության նոր նորմեր

Պատմում է Սերգեյ Նազարեթյանը` «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական

Խոսում են, թե եղել էր 1988թ. երկրաշարժի կանխատեսում՝ այդպես չէ: Աղետը վրա էր հասել հանկարծակի և խառնաշփոթ իրավիճակ ստեղծել:

Տրանսպորտային միջոցների մուտքը քաղաքում առաջացրել էր հսկայական խցանումներ` փողոցները փակ էին ոչ միայն մեքենաների քանակի, այլև փլուզված շենքերի պատճառով: Աղետից երեք օր հետո սահմանափակվեց քաղաք մտնող տրանսպորտային միջոցների քանակը՝ մուտք ունեին միայն փրկարարական տեխնիկան ու շտապօգնության մեքենաները:

Այնուհետև բոլոր կարևոր օբյեկտները վերցվեցին հսկողության տակ, հատկապես բանկերը և խանութները: Սկսվեց երթևեկության կարգավորումը: Ճանապարհների խցանումների ու փլուզված շենքերի պատճառով հիվանդներին ու վիրավորներին տեղափոխելու դժվարություններ էին ստեղծվել` արդյունքում անտեղի զոհեր եղան:

Սովորաբար նման աղետներից հետո համաճարակի վտանգը մեծանում է, կտրուկ աճում են իրավախախտումները. անգնահատելի էր միլիցիայի (ոստիկանություն) և հակահամաճարակային ծառայության կատարած աշխատանքը:

Բոլորի մոտ կար միմյանց ցավը մեղմացնելու ցանկություն, իրար օգնելու պատրաստակամություն: Սա վերաբերվում էր նաև այն մարդկանց, որոնք գտնվում էին անազատության մեջ…

Այսպես, Արթիկի գաղութի ազատազրկվածներից 195-ին, ովքեր ունեին աղետյալ հարազատներ, հիմնարկի պետի պատասխանատվությամբ ժամանակավորապես բաց էին թողել: Ոչ ոք չփախավ, չարեց որևէ անպարկեշտ քայլ: Երրորդ օրը բոլորը հետ վերադարձան: Եղան նաև հիշարժան դեպքեր: Բռնադատվածներից մեկն աշխատում էր Լենինականի տիկնիկների արտադրության գործարանի փլատակների վրա: Աշխատելիս գտել էր աշխատողների աշխատավարձը՝ մեծ գումար, որն ամբողջովին տարել և հանձնել էր համապատասխան մարմիններին: Կարող էր թաքցնել գումարը, սակայն չէր արել:

Պետք է նշել, որ աղետալի երկրաշարժի առաջին օրերին շատ զոհեր եղան փրկարարների և փրկարարական գործիքների անհրաժեշտ քանակի բացակայության պատճառով: Սրա հետ միասին՝ միայն առաջին օրը տեղի չպատրաստված բնակիչների ջանքերով 20.000 կենդանի մարդ հանվել է փլատակներից: Մարդիկ մերկ ձեռքերով փորձում էին մաքրել փլատակները, սովորական սղոցով կտրելով ամրանները:

Այս ամենը շարունակվել էր մինչև 3-րդ օրվանից սկսած 900֊ից ավելի պրոֆեսիոնալ փրկարարների ժամանումը տարբեր երկրներից: Ի դեպ, Գյումրիում աղետից հետո նույնիսկ 13֊րդ օրը փլատակներից փրկարարները ողջ մնացած մարդ են հանել:

Հիմա հեռվից նայելն ու քննադատելը հեշտ է, իսկ այն ժամանակ այդ աշխատանքներն իրականացնելը՝ չափազանց դժվար: Կար կառավարման խնդիր, մարդիկ իրավիճակը լավ չէին պատկերացնում:

Սպիտակի երկրաշարժը խորը և մանրամասն ուսումնասիրության ենթարկվեց: Ավելի քան հինգ տասնյակ երկրների մասնագետներ երկրաշարժի գոտում՝ համապատասխան սարքավորումների օգնությամբ ուսումնասիրել են հետցնցումների ընթացքը, բազմազան այլ դիտարկումներ են կազմակերպել, որոնց վերլուծության հիման վրա գրվել են հարյուրավոր գիտական աշխատանքներ, տասնյակ մենագրություններ: Ուսումնասիրության են ենթարկվել նաև փլուզված շենքերը՝ միայն Գյումրիում փլուզվել էր 147 բազմաբնակարան շենք, որոնց մի մասը հատուկ ուսումնասիրության է ենթարկվել:

Փլուզումների պատճառը բազմազան է՝ կոնստրուկտիվ թերություններ, կառուցապատման տեխնոլոգիաների խախտումներ, սեյսմիկ վտանգի թերագնահատված մակարդակի հաշվառումով նախագծեր և այլն: Արդյունքներից պարզ դարձավ, որ փլուզման պատճառների մեջ մեծ դեր էին խաղում բնակիչների միջամտությունները՝ շենքերում ապօրենի ձևափոխումները: Քարե շենքերում կատարել էին անհավանական փոփոխություններ՝ փորել էին հիմքերից ցածր նկուղներ, հիմնական կրող պատեր քանդելով դուռ կամ պատուհան էին բացել, կտրել էին կրող սյուները և այլն: Նման ինքնագործունեությունից հետո շենքերը դարձել էին խոցելի զգայուն ցնցումների նկատմամբ՝ ուր մնաց հզոր երկրաշարժի:

Աշոցքում երկրաշարժից վնասված շենքերի ուսումնասիրության ժամանակ ուսումնասիրում էինք հինգ հարկանի բազմաբնակարան շենք, որի առաջին հարկի բնակիչը փորելով շենքի կրող սյունը՝ դրա մեջ էլեկտրական հոսանքի հաշվիչ էր տեղադրել: Մասնագետների հարցին, թե ինչու է նման բան արել՝ տանտերը հպարտությամբ պատասխանել էր. «Մեկ շաբաթ չարչարվել եմ, որ փորեմ»: Այդ «աշխատանքի» արդյունքում շենքը դարձել էր վթարային և հետագայում քանդվել միայն այդ միջամտության պատճառով: Այդպիսի դեպքերը բազմաթիվ էին:

Պետք չէ մեղքը բարդել միայն շինարարների վրա

Այդ տարիներին ծանր հետևանքների ողջ մեղքը գցվում էր շինարարների վրա: Իհարկե, դա էլ ուներ իր դերը, սակայն երկրաշարժն այնքան ուժեղ էր, որ նույնիսկ որակով կառուցած էլ լինեու դեպքում՝ կվնասվեր, որովհետև կառուցված էին այդ ժամանակվա խորհրդային պետության մեջ գործող շինարարական նորմերով: Նույնիսկ մասնագետները կարծում էին, որ Հայաստանում 8 բալից ավելի երկրաշարժ չի լինելու՝ ինչու ավելի շատ ծախս անել: Գոյություն ունեին ցեմենտի, մետաղի տնտեսման նորմեր: Հայաստանի տեկտոնական դիրքն ու պայմանները, սեյսմավտանգ գոտում գտնվելը այդ նորմերում ամբողջովին հաշվի առնված չէին: Մինչդեռ շինարարության մեջ շատ կարևոր է ունենալ տեղի պայմաններին համապատասխան, տեղայնացված շինարարական նորմեր:

Հետագայում նախկին ԽՍՀՄ երկրներից մենք առաջինն էինք, որ 1994 թվականին ստեղծեցինք մեր երկրի երկրաբանական ու սեյսմիկ պայմաններին, շինարարական առանձնահատկություններին բնորոշ նորմեր: Ակադեմիկոս Է. Խաչիյանի ղեկավարությամբ սեյսմակայուն շինարարության նախագծման նոր նորմերի ստեղծումը, առանց չափազանցության, կարելի է համարել ոլորտի զարգացման մի նոր, կարևոր շրջափուլ:

Մինչ այսօր մեր կառույցը սերտորեն համագործակցում է քաղաքաշինության ոլորտի գերատեսչության, այսօր արդեն՝ Քաղաքաշինության կոմիտեի համապատասխան մասնագետների հետ, քանի որ առանց սեյսմիկ պայմանների հաշվառման հնարավոր չէ իրականացնել սեյսմակայուն շինարարություն:

Եվ արդեն նոր նորմերով է իրականացվել ոչ միայն աղետի գոտու, այլև հանրապետության տարբեր վայրերում անկախության տարիներին ընթացող շինարարությունը:

 

Ավելին
Back to top button
Close