Նորություններ

«Նիկոլ Փաշինյանը փորձել է հետաձգել արտաքին քաղաքականության ոլորտում ձախողումը». Ս. Մելքոնյանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի հետաձգման մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ, իր հերթին, հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով, քանի որ երկիրն ընտրությունների է պատրաստվում:

Որո՞նք են ստեղծված իրավիճակի իրական պատճառները, և ի՞նչ ակնկալել ՀԱՊԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններից, ԳԱԼԱ-ն հետաքրքրվեց արևելագետ, Միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ Սերգեյ Մելքոնյանից:

-Դեկտեմբերի 6-ին նախատեսվող ՀԱՊԿ անդամ-պետությունների գագաթնաժողովը, որի ընթացքում պետք է լուծում ստանար Կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, հետաձգվել է: Ընդ որում, այդպես էլ պարզ չէ՝ ով է հանդիսանում հետաձգման նախաձեռնողը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է ստեղծված իրավիճակի պատճառը:

-Տեղեկություններն այն մասին, որ հանդիպումը հետաձգվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքով, հայկական կողմի վարկածն է: Այստեղ կարող է սեփական տրամաբանություն լինել: Կարելի է ենթադրել, որ քանի որ կողմերն այնպես էլ կոնսենսուսի չեկան գլխավոր քարտուղարի թեկնածուի վերաբերյալ, ռուսական կողմն իմաստ չի տեսնում դեկտեմբերին նախատեսվող գագաթնաժողովում, որի գլխավոր իրադարձությունը պետք է լիներ նոր քարտուղարի նշանակումը, այլ ոչ թե քննարկումների շարունակությունը:

Ռուսական կողմի վարկածը, որը բարձրաձայնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, լրիվ հակառակն է: Մոսկվայում հայտարարում են, որ գագաթնաժողովը տեղափոխվել է Երևանի խնդրանքով: Այս սցենարն ավելի տրամաբանական է, քանի որ դեկտեմբերի 9-ին նշանակված են ընտրություններ: Սակայն խնդիրը ոչ այնքան ընտրությունների մեջ է, որքան նրա մեջ, որ գագաթնաժողովը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ակնհայտ է, որ Հայաստանը գրեթե շանսեր չունի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու սեփական թեկնածուին: Եվ եթե նախատեսվող գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուն չհաստատվեր, ինչն իրավիճակի զարգացման առավել հնարավոր սցենար է, ապա դա կլիներ նոր իշխանությունների ձախողումն արտաքին քաղաքականության ոլորտում, որի ազդեցությունը նրանք կզգային խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացած ձայները հաշվելիս:

Այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը փորձեց հետաձգել այս տհաճ պահը՝ պահպանելով իր վարկանիշն ընտրություններին նախորդող վերջին շաբաթում:

-Փորձագիտական որոշ շրջանակներում տեսակետ է տարածված, որ նոր պայմաններում Հայաստանը կարող է ՀԱՊԿ անդամ-պետությունների միջև եղած խնդիրները (որոնք այս կամ այն պատճառով չեն կարող բարձրաձայնել Կազմակերպության այլ անդամները) բարձրաձայնող միջնորդի դեր ստանձնել: Մասնավորապես, խոսքը Ռուսաստանի և Բելառուսի միջև հակասությունների մասին է: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է նման տեսակետը համապատասխանում իրականությանը, և արդյոք դա հարված չի հասցնի Հայաստանի շահերին:

— Այս տեսակետը լիովին անհիմն է: Ռուսաստանի և Բելառուսի միջև տարաձայնությունները լուծվում են երկկողմանի ֆորմատով: Հայաստանը չի կարող Կազմակերպության անդամ-պետությունների միջև ունեցած խնդիրների վերահաղորդիչ լինել, քանի որ մինչ այս պահը նա դեռ չի ամրապնդել իր դիրքերը ՀԱՊԿ-ում: Նոր իշխանությունները, որոնք հավակնում են դառնալ Կազմակերպության աշխատանքի ձևաչափի վերանայման նախաձեռնող, առնվազն մոտակա ժամանակ չեն ընկալվի որպես «մերոնքական»: Այդ իսկ պատճառով Խաչատուրովի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Երևանը պետք է ամրապնդի իր դիրքերը ՀԱՊԿ-ում, եթե կառույցը կարևոր դեր է զբաղեցնում արտաքին քաղաքականության ռազմավարությունում:

— Ըստ որոշ փորձագետների՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետկանչը, փաստացի, բացահայտեց Կազմակերպության ընթացակարգա-օրենսդրական դաշտում առկա բացթողումները: Հնարավո՞ր է արդյոք խնդիրը դիտարկել որպես դրական զարկ ՀԱՊԿ-ի օրենսդրության կատարելագործման հարցում:

— ՀԱՊԿ-ի օրենսդրության մեջ բազմաթիվ բացթողումներ կան, որոնք կապված են ինչպես Կազմակերպության գործունեության, այնպես էլ անվտանգության ապահովման հետ: Սակայն Հայաստանի կողմից գլխավոր քարտուղարի հետկանչն այդ խնդիրները չբացահայտեց: Կա գործողությունների համընդհանուր տրամաբանություն, որը որոշել են անտեսել: Սկզբից հայկական կողմը պետք է տեղեկացներ անդամ-պետություններին, որ սկսում է գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը, և թեկնածուների ցանկ պատրաստեր, իսկ հետո նոր քրեական գործ հարուցեր և հետ կանչեր նրան: Սակայն ամեն ինչն արվել է հակառակ հերթականությամբ, ինչը բարդացրել է իրավիճակը:

— Ըստ Ձեզ՝ ՀԱՊԿ անդամ-երկրների միջև խորացող հակասությունները կարո՞ղ են հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիայի:

— Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սահմանում էսկալացիան նկատվում էր անդամ երկրների միջև սուր հակասությունների բացակայության պայմաններում: Իրականում, կողմերից որևէ մեկը հետաքրքրված չէ դրանում, առավել ևս Ռուսաստանը, որը չի կարող թույլ տալ հետխորհրդային տարածքում ևս մեկ հակամարտության անցումը սուր փուլի: Սակայն, հիմնական խնդիրը կայանում է Կազմակերպության անդամ չհանդիսացող որոշ պետությունների՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշման վրա ազդեցության աճի մեջ: Նման միտումը բավականին վտանգավոր է՝ հաշվի առնելով այն, որ որոշ անդամ-պետությունները հանդիսանալու են արտաքին ուժերի դիրքորոշումների վերահաղորդիչներ, ինչը կխաթարի Կազմակերպության ոգին և էլ ավելի կնվազեցնի նրա դերն անվտանգության ապահովման հարցում:

Նինա Մարգարյան

Ավելին
Back to top button