Նորություններ

Պետության միջոցներով հնարավոր չէ լուծել անօթեւանության խնդիրը Գյումրիում. Քաղշինկոմիտե

«Պետության մոտեցումը միայն ցանկություններով չէ, ցավոք, այլ քաղաքացիների նկատմամբ համաչափ պարտավորություններից ելնելով»,- այս մասին այսօր հայտարարեց  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը՝ խոսելով Գյումրու ավագանու կողմից անօթեւանության խնդրի լուծման վերաբերյալ ՀՀ կառավարությանը հղած ուղերձի վերաբերյալ:

Հիշեցնենք, Գյումրու ավագանին երկու ուղերձ էր հղել ՀՀ կառավարությանը: Դրանցից մեկի համաձայն   առաջարկվում էր 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցին ընդառաջ Գյումրիում անօթևանության խնդրի լուծման օպտիմալ և արժանապատիվ ճանապարհ, որով հնարավոր կլինի անօթեւանության խնդիրը լուծել առաջիկա մի քանի տարում:

Ավագանին առաջարկում է  նաեւ վստահելի հանձնաժողով ձևավորել և գույքագրել Գյումրու տնակային տնտեսությունը, որոշել ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների և կացարանների տերերի՝ արժանապատիվ բնակարաններ տեղափոխվելու պայմանները և կարգը:

Ըստ բանախոսի՝ միայն պետության միջոցների հաշվին և միաժամանակ, մի քանի տարում հնարավոր չէ իրագործել այս ծրագիրը, որովհետև բազմաթիվ խնդիրներ ևս պետք է համաչափորեն առաջ տանել: «Նման ցանկություն մեզ մոտ էլ կա, որ շուտ լուծվի, բայց բյուջեի հնարավորությունների և մնացած խնդիրների համատեքստում է, որ դա կարճ ժամկետում իրատեսական չեմ համարում»:

Back to top button
Close