Նորություններ

«Լուկյանովը Կրեմլի այն բերանն է, որով հորդորում են ՀՀ-ին հետ կանգնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ դիրքորոշումից

Օրերս հայտնի դարձավ, որ հետաձգվել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նման առաջարկով է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Որպես հետաձգման պատճառ նշվել է այն, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կոնսենսուս չկա, և նիստը կհրավիրվի այն ժամանակ, երբ աշխատանքային կարգով խնդիրը կլուծվի։ Չնայած սրան՝ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում դեկտեմբերի 6-ին մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։

Գագաթնաժողովի հետաձգմանը գնահատականներ են հնչեցնում թե՛ քաղաքական ուժերը, թե՛ քաղաքական վերլուծաբանները: Այս թեմայով ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքական վերլուծաբան ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ հետ:

-Պարո՛ն Մեհրաբյան, ՀԱՊԿ գագաթնաժողովի հետաձգումը ոմանք համարեցին արտաքին քաղաքականությունում որդեգրված գծի շարունակություն, ոմանք էլ՝ արտաքին քաղաքական ոլորտում պարտություն ու ՀԱՊԿ ԳՔ պաշտոնի կորուստ: Դուք ի՞նչ գնահատական ունեք:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

-Ես կարծում եմ, որ եղած հնարավոր որոշումներից թերևս ամենախոհեմը և ռացիոնալը հետաձգումն էր: Այն թույլ կտա թե՛ խուսափել ավելորդ աղմուկից, խոսակցություններից ու էմոցիաներից, թե՛ ՀՀ ձեռքում պահել ԳՔ պաշտոնը դեռ որոշ ժամանակ: Սա հայկական դիվանագիտության ո՛չ ձախողում է, ո՛չ հաջողում, թեպետ որոշ առումով հարաբերականորեն կարելի է հաջողում համարել, որովհետև Հայաստանի կարծիքի հետ, այնուամենայնիվ, չկարողացան հաշվի չնստել: Աներկբա է, որ Խաչատուրովը հետ է գալիս, հայկական կողմն իր դիրքորոշումը հստակ արտահայտեց. այն է՝ հայկական կողմն ունի ի՛ր թեկնածուն, և նրան է տրված մինչև 2020թ. ներկայացնելու ՀԱՊԿ-ն:

-Այսինքն՝ բնավ համամիտ չեք իշխանության ընդդիմախոսների այն պնդման հետ, թե ՀՀ-ն արդեն կորցրել է կամ կորցնում է ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը:

— Ես տեղի ունեցածն իհարկե կորուստ չեմ համարում, որովհետև այդ պաշտոնին կլինի Խաչատուրով, թե Իվանով, դրանից այդ կազմակերպության ո՛չ էությունը, ո՛չ էլ բովանդակությունը որևէ կերպ չի փոխվի: Զրոյից հանած զրո հավասար է զրո:

— Գանք ռուսաստանյան հայացքին: 168.am-ին տված հարցազրույցում ռուս հանրահայտ քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովն այն կարծիքն է հայտնել, որ ՀԱՊԿ ԳՔ թեկնածության հարցն արդեն իսկ լուծված է, պարզապես պաշտոնապես պետք է ամրագրվի, և Հայաստանն իր համաձայնությունը պետք է տա՝ հասկանալով նաև, որ միջազգային կազմակերպություններում աշխատանքը ենթադրում է պատասխանատվություն գործընկեր երկրների առջև: Նա նկատել էր նաև, որ ՀՀ-ում ներքաղաքական փոփոխությունները, հեղափոխական տրամադրությունները շարունակվում են, ինչը նշանակում է, որ չի կարելի բացառել, որ Հայաստանի նոր թեկնածուն ևս կենթարկվի քրեական հետապնդման: Ըստ Ֆ. Լուկյանովի՝ ՀԱՊԿ անդամ երկրները ելնում են նաև նրանից, որ հեղափոխական զարգացումների փուլում ՀՀ համար միջազգային կազմակերպությունում նման պատասխանատու պաշտոնը կարող է հավելյալ բեռ դառնալ:

— Նախ և առաջ Լուկյանովը պատահական մարդ չէ, սովորական քաղաքացի չէ:ƂՆա Կրեմլի այն բերանն է, որով արտաբերվում են մտքեր, որոնք Կրեմլը հարմար չէր գտնի բարձրաձայնել, ուստի՝ դա արվում է Լուկյանովի բերանով: Հայկական կողմը պետք է առաջնորդվի սեփական պատկերացումներով ու շահերով: Իսկ թե Հայաստանը ինչ պետք է անի կամ չանի, Լուկյանովից չէ, որ պետք է հարցնի: Լուկյանովի ասելիքը հորդոր է, որ հայկական կողմը հետ կանգնի իր դիրքորոշումից: Բելառուսը պետք է լինի միայն 2020թ., ինչպես որոշված էր: Դա Լուկյանովը կասի, թե Իվանովը, դրանից ոչինչ չի փոխվի:

 

Զրույցը՝ Անահիտ Ավագյանի

Ավելին
Back to top button