Նորություններ

ԿԳ փոխնախարարը մեկնաբանում է արաբ 40 բժիշկներին ՀՀ-ում կեղծ դիպլոմներ տրամադրելու մասին տեղեկությունները

Մամուլում դեկտեմբերի 2-ին տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Իսրայելում ձերբակալել են 40 բժիշկների, պրակտիկանտների ու դեղագետների, ովքեր դիպլոմներ են ստացել Հայաստանի բժշկական և դեղագործական բուհերում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները ՀՀ-ում բժշկական կրթության դիպլոմները ստացել են խարդախությամբ:

Այս կապակցությամբ ԳԱԼԱ-ն կապ հաստատեց կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ով հայտնեց, որ դեպքը շատ մտահոգիչ է, և որ սա առաջին դեպքը չէ:

Ըստ Հ. Հովհաննիսյանի՝ տեղեկությունները ճշտելու համար նախարարությունը պաշտոնական հարցում է ուղարկել Իսրայելի համապատասխան մարմիններին:

«Պաշտոնական տեղեկություններ ստանալուց հետո անպայման քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի նման դեպքերը հետայսու բացառվեն, քանի որ նման դեպքերն ազդում են երկրի հեղինակության և բարեխիղճ բուհերի հեղինակության ու նրանց տված դիպլոմների վրա: Երբ եղան պաշտոնական տեղեկություններն, այդ ժամանակ մեր դիրքորոշմամբ հանդես կգանք»,- պարզաբանեց ԿԳ փոխնախարարը:

 

Նինա Մարգարյան

Back to top button
Close