Նորություններ

Քոչարին՝ ադրբեջանական պա՞ր. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր միտումները

Մավրիկիոսում (Հարավարևելյան Աֆրիկայում գտնվող կղզի–պետություն) կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանում «յալլի» անունով հայտնի պարը (քոչարի, թենզերե) տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պահպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Այս նորությունը չէր կարող դժգոհության ալիք չբարձրացնել:

Նկատենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին Կորեայի Հանրապետությունում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանի շրջանակներում որոշում էր կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի, ավանդական խմբապար» հայտն ընդգրկել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կարծիքով՝ հայտը համապատասխանում էր բոլոր սահմանված չափանիշներին: Նշենք, որ Հայաստանը հայտը ներկայացրել էր դեռևս 2014 թվականին:

Այս պարագայում ինչպե՞ս է ստացվել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել ու հավանություն է տվել Ադրբեջանի ներկայացրած հայտին: Այս հարցով ԳԱԼԱ-ն դիմեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությանը, որտեղից հայտնեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին վերաբերող հարցերով զբաղվում է ԱԳՆ-ն:

ԳԱԼԱ-ն նույն հարցով դիմեց արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանին: Վերջինիս գրավոր պարզաբանման մեջ ասված է. «Ընդգծեմ, որ ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ այս կամ այն երկրի կողմից Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) տվյալ տարրի մշակութային դրսևորումները և դրանց առանձնահատկությունները: Ըստ ադրբեջանական հայտի՝ կա «յալլի» տեսակի շուրջ 60 պարատեսակ, որոնք կիրառվել են Նախիջևանում, և դրանց շարքում է նաև քոչարին: Այս հարցում առավել մտահոգիչ են Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր տենդենցները, որոնք արդեն տեղ են գտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային մեթոդների մեջ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը ստեղծվել է նպաստելու խաղաղությանը և ժողովուրդների անվտանգությանը՝ մշակույթի միջոցով պետությունների միջև համագործակցության խթանմամբ, այսօր նմանօրինակ քաղաքականացման արդյունքում վերածվում է խնդիրների խորացման հարթակի, և սա պետք է մտահոգիչ լինի կառույցի բոլոր անդամների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի համար: Հայաստանը բազմիցս է այս իրողությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից որդեգրված անառողջ մոտեցումները ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումների ժամանակ, ներառյալ՝ Ձեր նշած նիստին»,- նշված է ԱԳՆ պարզաբանման մեջ:

Քանի որ նստաշրջանը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 1-ը, ԳԱԼԱ-ն վերոնշյալ նիստի արդյունքների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ գրավոր հարցում է հղել ԱԳՆ, որոնց պատասխանները կներկայացնենք առաջիկայում:

Անահիտ Ավագյան

Back to top button