Նորություններ

Տարածաշրջանում Հայաստանի ճառագայթային բուժումը կլինի մատչելի

Կրկին հանդիպեցի իրանական «Վարան Փարթո Դարման» ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր նաև հայկական «Իրա Մեդիքլ Գրուպ» բժշկական ընկերության համահիմնադիրն են հանդիսանում։ Այն մատուցում է ճառագայթային բուժման ծառայություններ գերժամանակակից գծային արագացուցիչով։

Նրանք ինձ հայտնեցին, որ՝

-Վերջին մեկ ամսում իջեցրել են ճառագայթային բուժման գները այնքան, որ նրանք ավելի մատչելի լինեն տարածաշրջանի բոլոր երկրների գներից, այդ թվում՝ Վրաստանից։ Հետևաբար այլևս կարիք չի լինի դրա համար մեկնել մեր երկրից։

-Ձեռք են բերել հատուկ դոզիմետր և պլանավորման կոմպլեքս իրենց արագացուցիչի համար, ինչը թույլ կտա կիրառել թիրախային ճառագայթման iMRT գերժամանակակից մեթոդը, որը ցուցված է բարդ ուռուցքների դեպքում։

-Պատրատվում են ևս մեկ ժամանակակից գծային արագացուցիչ տեղադրել մոտակա 6 ամիսների ընթացքում, որպեսզի մեկ սարքի խափանվելու դեպքում պացիենտների բուժումը չկանգնի։

-Պատրաստ են տեղադրել բրախիթերապիայի սարք, եթե մենք նման ցանկություն հայտնենք։

-Պատրաստ են տարեկան 60 պացիենտ բուժել լիովին անվճար։

-Ես իմ կողմից հայտնեցի, որ առողջապահության նախարարությունը առաջին անգամ պատրաստվում է պետական պատվեր տրամադրել այդ ծառայության համար՝ նախնական 100մլն դրամի շրջանակներում, ինչը թույլ կտա բուժել տարեկան մինչև 200 պացիենտ։ Այս ծառայության ձեռք բերումը հնարավոր կլինի 2019թ. պետական առողջապահական բյուջեի աճի շնորհիվ։

 

Back to top button
Close