Նորություններ

«Իմ քայլ»-ի նախընտրական ծրագիրը. աղքատությունը նվազելու է 10 տոկոսով. մարզերն ու աղետի գոտին ծրագրից դուրս են մնում

2018թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մասնակցող ուժերն արդեն հրապարակել են նախընտրական ծրագրերը: ԳԱԼԱ-ն առանձնացնում է ծրագրերի թիրախային կետերը:

«Իմ քայլը» դաշինք

Ծրագրում ասված է, որ դաշինքը գնում է «արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակն ամրագրելու և իշխանությունը Հայաստանում անշրջելիորեն ժողովրդին վերադարձնելու համար»:

Նախընտրական ծրագրում կարմիրով գրված է, որ «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Բանակ և անվտանգություն

Այս ենթաբաժնում կոնկրետ թվեր նշված չեն, ընդհանուր բնութագրումներ են:

«Զինված ուժերը համալրված են լինելու այսօրվա ռազմական գիտության պահանջներին համապատասխան արդիական զինատեսակներով և տեխնոլոգիաներով, գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերով, որոնք ավելացնելու են իրենց հարվածային և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը…»:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվելու են ռազմական կործանիչներով։ Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը: Հայկական զինված ուժերը համալրված են լինելու տեղական ռազմական արդյունաբերության արտադրանքով, որը շարունակական կատարելագործման միջոցով ապահովելու է բանակի մարտունակությունը»:

Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում կարևոր է «որպես հակամարտության հիմնական կողմի՝ կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչումը և բանակցություններին ներգրավվածության ապահովումը»:

Սփյուռք-Հայաստան ենթաբաժնում «Իմ քայլը» խոստանում է.

«Մշակելու ենք հայրենադարձության կազմակերպման ծրագրեր, որ հիմնականում միտված են լինելու վերջին տասնամյակներին Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիների բարեհաջող վերահաստատմանը հայրենիքում, ինչպես նաև Հայաստանում հաստատվել ցանկացող սփյուռքահայերին քաջալերմանը»: Դարձյալ չի նշվում մեթոդներն ու եղանակները:

Տնտեսական առաջընթաց

«Տնտեսական որակական առաջընթացի հիմնասյունը հասցեական բարեփոխումներն են՝ ուղղված արտաքին շուկաներում Հայաստանը՝ որպես բրենդ դիրքավորելուն:

Բարենպաստ ներդրումային միջավայր ձևավորելու համար նվազեցնելու ենք շահութահարկի, եկամտային հարկի և շահաբաժինների հարկման գործող դրույքաչափերը: Մասնավորապես՝ շահութահարկի գործող 20% դրույքաչափը իջեցնելու ենք՝ հասցնելով այն 18%-ի, ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների շահաբաժիններն այսուհետ հարկվելու են միասնական 5% դրույքաչափով։ 2019 թվականից կսահմանվի եկամտային հարկի համահարթ 23% դրույքաչափ, ապա մինչև 2023 թվականը այն աստիճանաբար կնվազի մինչև 20%»:

Կրթություն

«Մեր թիրախն է մինչև 2023 թվականը ապահովել 3 տարեկանից բարձր երեխաների 70%-ի ներգրավումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Նախատեսում ենք կրթության և գիտության պետական ֆինանսավորման բարձրացում, ինչպես նաև մասնավոր միջոցների ներգրավում»:

Այս ենթաբաժնում ևս կոնկրետ թվերը բացակայում են:

Առողջապահություն

Մինչև 2023 թվականը մենք գերակայություն ենք տալու հատկապես առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը։

Մինչև 2023 թվականն արդեն ունենալու ենք առողջապահական ապահովագրության ներդրված համակարգ:

Աղքատություն

«Մինչև 2023 թվականը աղքատությունը իջեցնելու ենք առնվազն 10 տոկոսային նիշով՝ վերացնելով ծայրահեղ աղքատությունը, գործազրկությունը՝ 5 տոկոսային նիշով»:

«Պետական համակարգում հնարավոր խնայողությունների ու եկամուտների նոր աղբյուրների շնորհիվ նախատեսում ենք մինչև 2023 թվականը կենսաթոշակների բարձրացում»:

«Բարեփոխումներ ենք իրականացնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի՝ ակտիվների մեջ ներդրումներ կատարելու օրենսդրական կարգավորման մեջ, ինչի արդյունքում խրախուսվելու է ակտիվների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում: Վերոնշյալ գործողությունները միտված են լինելու հանրապետությունում միջին խավի ձևավորմանը»:

Դատական բարեփոխումներ

«Իրագործելու ենք անցումային արդարադատություն, որը Հայաստանի իրավապահ և արդարադատության համակարգերի գործունեության ընթացքում դրանց սահմանադրական նպատակների տևական խեղաթյուրման հետևանքները վերականգնելու վերջին հնարավոր անցնցում միջոցն է և կենսական անհրաժեշտություն է քաղաքացիական համերաշխության վերականգնման նպատակի համար։ Անցումային արդարադատության շրջանակներում պետական մարմինների կամ ինստիտուտների ստեղծմամբ չեն վերացվելու նույն գործառույթի համար կոչված Հայաստանի սահմանադրական մարմիններն և ինստիտուտները։ Անցումային արդարադատության շրջանակներում ձեռնարկվելիք միջոցները և հնարավորությունները լինելու և մնալու են Սահմանադրության համապատասխանության շրջանակում»։

«Իմ քայլը» դաշինքի ծրագրում առանձին ենթաբաժիններ չկան մարզերին վերաբերող: Աղետի գոտու վերակառուցման խնդիրը ևս մնում է ծրագրից դուրս:

Ծրագրում խոսք չկա Սահմանադրության փոփոխության, ինչպես նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին։

Back to top button