«Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված մարդիկ ընտրվում են նախկինում մեզ հայտնի սկզբունքով՝ կուսակցության լիդերի որոշումով». Սարո Սարոյան

«Ես կասկած չունեմ, որ ձևավորվող խորհրդարանը շատ ավելի որակով է լինելու, քան նախորդը»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում նշեց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ խոսելով ձևավորվող խորհրդարանի ու քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների մասին:
Այնուամենայնիվ, քաղաքագետը կարծում է, որ բազմակարծություն ապահովելու առումով մեծ առաջընթացի չարժե սպասել.
«Ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված մարդիկ ընտրվում են նախկինում մեզ հայտնի սկզբունքով՝ կուսակցության լիդերի որոշումով: Սա ենթադրում է, որ իրենք արդեն կաշկանդված են չհակադրվելու գործող անձին»,- նշեց քաղաքագետը:
Սարո Սարոյանի կարծիքով Հանրապետականն այս պահին կիրառում է քաղաքական տեխնոլոգիաներ՝ հանրության մոտ որոշակի նոր կերպար ձևավորելու համար, նշեց քաղաքագետը՝ հավելելով, այնուամենայնիվ, որ մեր հանրությունն իր որոշումով նոր խորհրդարան ձևավորելուց հետո պատմության գիրկը կուղարկի Հանրապետականին: