Նորություններ

«Մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն ունի՞ իրական ցանկություն՝ քաղաքականացնելու օրենսդիր մարմինը»

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Նոյեմբերի 26-ին կմեկնարկի քարոզարշավը: Ո՞ր քաղաքական կուսակցություններն ու դաշինքները կհայտնվեն Ազգային ժողովում, ինչպիսի՞ն կլինի առաջիկա խորհրդարանը: Օրակարգից դուրս չեկած այս հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի հերթական զրուցակիցը ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և քաղաքական գործընթացների ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ Արմենակ Մանուկյանն է:

Պարո՛ն Մանուկյան, նկարագրեք, թե ըստ Ձեզ՝ ի՞նչ կուսակցություններ ու դաշինքներ կարող ենք տեսնել ընտրվելիք խորհրդարանում:

-Եթե վերլուծության ենք ենթարկում քաղաքական իրողությունները, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում ճնշող մեծամասնություն է կազմելու: Խորհրդարան անցնելու իրական հնարավորություններ ունի ԲՀԿ-ն՝ ելնելով նրանից, որ այս կուսակցությունն ունի տարածքային ամուր կառույցներ: Ընտրական մրցավազքի մյուս մասնակիցների դեպքում դժվար է ասել, թե դրանցից որը կարող է դառնալ խորհրդարանական ուժ, որովհետև դրանց հնարավորությունները գրեթե հավասար են:

Քաղաքական ուժերի՝ 7-րդ գումարման ԱԺում հայտնվելչհայտնվելու հարցն ինտրիգային է, և թերևս մինչև ընտրության արդյունքների հրապարակումն էլ այդպիսին կմնա այն հարցը, թե իրեն իրական ընդդիմություն հռչակած ՀՀԿն արդյո՞ք կհայտնվի խորհրդարանում: Ձե՛ր կարծիքը դրա վերաբերյալ ինչպիսի՞ն է:

-ՀՀԿ-ն ներկա դրությամբ ինչ-ինչ շանսեր ունի անցնելու, սակայն քարոզչությունը դեռ չի սկսվել, և պատկերը կարող է հետագայում կտրուկ փոխվել: Բանն այն է, որ ընտրությունների մասնակից մյուս քաղաքական կուսակցություններն ու դաշինքները քարոզչության ընթացքում գործելու են ընդդեմ ՀՀԿ-ի, ինչը կարող է բարդացնել ՀՀԿ-ի վիճակը և նվազեցնել վերջինիս՝ խորհրդարան անցնելու շանսերը:

Արդեն հայտնի են նաև ռեյտինգային ընտրակարգով մրցակցող անձանց անունները: Մինչ այժմ նախորդ ընտրությունների իրողությունների թելադրանքով ռեյտինգային թեկնածուները նույնացվել են թաղային հեղինակությունների հետ: Այսօր այդ թեկնածուներին ի՞նչ գնահատական կարող ենք տալ: Վերը նշված սինդրոմն արդեն անցյալո՞ւմ է:

574-Նախ՝ ինչո՞ւ միայն թաղային հեղինակություններին: Չմոռանանք, որ ժամանակին նաև մեծ դեր էին ունենում ֆինանսական միջոցները, և դրանց տիրապետող ուժերն էին անցնում խորհրդարան: Հիմա այդ առումով ավելի լավ պատկեր է, միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ հետագայում անպայման պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից: Ներկայիս ռեյտինգային թեկնածուների մեջ շատ քիչ են նրանք, ովքեր առաջադրման վայրում իսկապես ունեն լայն ճանաչում և օրենսդիր մարմին անցնելու ավելի մեծ շանսեր ունեն: Նրանց թիվը մեկ տասնյակի էլ չի հասնի, իսկ մնացածի դեպքում չեմ կարծում, որ քարոզչությունը դրական արդյունք կտա: Այստեղ իմ կարծիքով՝ աշխատելու է բարեկամ-ծանոթ գործոնը, գաղափարական գործոնը բացակայելու է:

Զուգահեռ անցկացնելով՝ կարո՞ղ եք ասել, թե ՀՀից բացի՝ որ երկրներում կա եթե ոչ անվանումով ռեյտինգային,ապա էությամբ այդպիսին, օրինակ՝ նախկին մեծամասնականի նման ընտրակարգ, և այդ պարագայում ինչպիսի՞ պատկեր է եղել նրանց մոտ:

-Ես հիմա կդժվարանամ կոնկրետ օրինակ բերել, մինչ այժմ այլ երկրում ռեյտինգային ընտրակարգով քարոզարշավ չեն նկատել: Իհարկե, կան ընտրության տարբեր ձևեր, ինչպես, օրինակ, ամերիկյան ձևը՝ ընտրություն ընտրիչների միջոցով: Ըստ էության, նման ընտրակարգը չի քարոզվում ո՛չ ժողովրդավարական, ոչ էլ ոչ ժողովրդավարական երկրներում: Իշխանությունը պետք է հենվի քաղաքականության վրա, գործընթացները պետք է քաղաքական լինեն, ուստի, ամեն դեպքում, ճիշտը քաղաքական կուսակցությունների միջոցով ընտրությունն է:

Իսկ ընտրությունների արդյունքի վրա որքանո՞վ կազդի քարոզչության կարճ՝ 12-օրյա ժամանակահատվածը, մի բան, ինչը քաղաքական ուժերը մատնանշում են:

-Ակնհայտ է, որ հին, հայտնի գաղափարախոսություն ունեցող ուժերին ընտրողը ճանաչում է, իսկ նոր ուժերն այդ կարճ ժամանակաշրջանում հատկապես չեն էլ հասցնի գաղափարախոսությունն ընտրողին հասցնել:

Որքանո՞վ քաղաքական մարմին կլինի նորընտիր ԱԺն:

— Քաղաքական մարմին գուցե ոչ միանգամից, բայց կլինի: Այստեղ ամեն բան կախված կլինի նրանից, թե մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն ունի՞ իրական ցանկություն՝ քաղաքականացնելու օրենսդիր մարմինը: Հուսով եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կունենա այդ կամքը, քանի որ հակառակ դեպքում մենք շատ-շատ հարցերում հետ ենք մնալու:

Զրուցեց Անահիտ Ավագյանը

 

Back to top button