Նորություններ

«Ինչպե՞ս է Աշոտ Սմբատյանը սրընթաց դիվանագիտական կարիերա իրականացրել». Վ. Կարապետյան

Գերմանիայում հայկական մաֆիայի հետ դեսպան Աշոտ Սմբատյանի առնչության հարցը դեռ պարզաբանված չէ: Իրականում ի՞նչ նպատակ էին հետապնդում լրատվամիջոցներում նման հրապարակումները, համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ, ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը՝ դեսպանի հետկանչը՞, թե՞ հրապարակումները հերքելու պահանջը լրատվամիջոցներին:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ, 1995-2008թ.թ.-ին ԱԳՆ մամուլի վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, մեկնաբանելով իրավիճակը, նշեց. «Մի շարք գերմանական լրատվամիջոցներ անդրադարձել էին խնդրին, հիշատակվել էր նույնիսկ դեսպանությունը: Մարտահրավեր է մեր համար, որովհետև փորձ է արվում սևացնել մեր դեսպանությունը, հետևաբար նաև պետությունը»:

Վլադիմիր Կարապետյան
Վլադիմիր Կարապետյան

Նրա կարծիքով տարօրինակ է, երբ առանց հիմնավոր փաստերի, ենթադրությունների հիման վրա հրապարակումներ են արվել, սլաքներ ուղղելով նաև պետական կառույցի վրա: «Մեղադրանք է ներկայացված, դեսպանության հնարավոր մասնակցության մասին է խոսվում, հաջորդող նախադասությամբ ասում է, որ փաստերը չեն հաստատվել: Եթե չեն հաստատվել, ինչո՞ւ են նշում:  Այդ կապակցությամբ ՀՀ ԱԳՆ հարցումը ճիշտ եմ համարում: Պատասխանը, Գերմանիայում լրատվամիջոցների հետ աշխատանքում ձևավորված ավանդույթի համաձայն, չպետք է ուշանա, և մենք պետք է պաշտպանվելու համար բոլոր միջոցներն օգտագործենք, այդ առումով կարևոր է մեր արտաքին գերատեսչության ակտիվ գործունեությունը»,-նշեց Կարապետյանը:

Արդյո՞ք դեսպան Սմբատյանը կարող էր իրականում առնչություն ունենալ տվյալ խմբավորումների հետ, ի՞նչը կարող էր նման ենթադրությունների տեղիք տալ: Հարցին դիվանագետը պատասխանում է. «Ես ինքս չեմ ճանաչում պարոն Սմբատյանին, գիտեմ, որ տեխնիկական աշխատող էր մինչև 2008թ.-ը, հետո է այդպես սրընթաց դիվանագիտական կարիերա իրականացրել: Հարկավոր է հասկանալ, թե ինչպես է բարձր դիվանագիտական պաշտոններ ստացել ԱԳՆ-ում՝ դիվանագիտական ծառայության մասին օրենքը հստակ սահմանում է դիվանագետի պաշտոնների ստանձնումն ու աշխատանքային առաջընթացը՝ այն կարող է արվել մրցույթով: Կարծում եմ ԱԳՆ-ն կանդրադառնա այդ հարցերին և կզեկուցի հասարակությանը պարոն Սմբատյանին առնչվող ողջ տեղեկատվությունը: Լրատվամիջոցներին էլ խորհուրդ եմ տալիս պարզել, թե որն է պատճառը, որ նման հրապարակումներ են արվում մեր դեսպանի մասին: Երկրորդ՝ ես բազմիցս խոսել եմ ռոտացիոն գործընթացների ակտիվացման անհրաժեշտության մասին, կարծում եմ, որ ՀՀԿ-ի հետ առնչություն ունեցող դեսպանների պաշտոնավարումը վնաս է հասցնում Հայաստանին: Չեմ ցանկանում կապել գերմանական մամուլում հրապարակումները իմ ասածի հետ, բայց կրկնում եմ՝ նախկին իշխանության հետ բիզնես կապեր ունեցող դեսպանները պետք է հետ կանչվեն»:

Իսկ արդյո՞ք դեսպանի հետկանչը չի նշանակի, որ հայկական կողմը համաձայն է հոդվածներում հնչած մեղադրանքներին: Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ սա մի հարց է, որին պետք է պատասխանի ԱԳՆ-ն, իսկ ինքը մեկ հարցում վստահ է. «Ես գիտեմ, որ հրապարակում է եղել, կամ պետք է հաստատվի, կամ հերքվի, մենք պետք է ամեն բան անենք, որ հերքվի, մենք սպասում ենք տեղեկություններին, թե երբ է լինելու, ինչը շատ կարևոր է:  Կարևոր է, որ Հայաստանի մասին ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկում նման վարկաբեկիչ հրապարակումներ չլինեն»:

Վարդուհի Արզումանյան

Back to top button