Հանրապետության հրապարակում Mercedes-ի հետապնդումը ավարտվել է վրաերթով և մի քանի ավտոմեքենաների բախումով
Այսօր, նոյեմբերի 3-ին վրաերթ ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Mercedes մակնիշի 35 QM 718 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակում Կապի և տրանսպորտի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Փախուստի դիմած Mercedes-ի վարորդն էլ առաջ ընթանալով բախվել է Mercedes մակնիշի 50 UU 051 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ` Mercedes մակնիշի 700 VV 07 համարանիշի ավտոմեքենայի։ Վրաերթ կատարած վարորդը ընթացքում բախվել է նաև Nissan մակնիշի 34 VS 620 համարանիշի, LADA 21114 մակնիշի 34 VR 227 համարանիշի և KIA մակնիշի ավտոմեքենաների։ Արդեն տևական ժամանակ է նշված հատվածում երթևեկությունը դադարեցվել է և Մելիք-Ադամյան — Տիգրան Մեծ փողոցներում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ։ Տեղում է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։
Shamshyan.com-ի տեղեկություներով՝ վրաերթի վայրում հայտնաբերվել է նաև մեկ այլ Opel մակնիշի 35 OG 998 համարանիշի ավտոմեքենա, քանի որ վրաերթի ենթարկվածը շպրտվել և ընկել էր այդ ավտոմեքենայի վրա, բախվելով կողային հատվածին։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչկան բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորի ինքնությունը։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ բացի վրաերթի ենթարկվածից, վիրավորներ նույնպես կան, և այդ տեղեկությունը ոստիկանությունը պարզում է։