«ԸՕ բարեփոխումները նախատեսված էին, որպեսզի քաղաքական համակարգն առողջանար». Է. Աղաջանյան

«Կա հստակ հասարակական պահանջ՝ օր առաջ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները բավական քիչ ժամանակ են թողել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին պատրաստվելու համար:
Էդուարդ Աղաջանյանի պնդմամբ՝ արտահերթ ընտրությունները շուտ անցկացնելն անհրաժեշտ է նաև տնտեսության ոլորտում կայունության հասնելու համար:
Նրա խոսքերով՝ հեղափոխությունից հետո քաղաքական ուժերն ունեին բավարար ժամանակ ընտրություններին պատրաստվելու համար, քանի որ ի սկզբանե իրենք հստակ դիրքորոշում են հայտնել, որ արտահերթ ընտրությունները կազմակերպվելու են մեկ տարվա ընթացքում:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ Աղաջանյանն ընդգծեց՝ դրանք նախատեսված էին, որպեսզի ընդհանուր քաղաքական համակարգն առողջանար, իրենց քաղաքական ուժի համար որևէ տարբերություն չկա, թե որ օրենսգրքով կգնան ընտրությունների: