Նորություններ

ՀՀ-ն կկորցնի՞ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը, թե՞ Խաչատուրովին փոխարինող անձ կգտնեն ՀՀ-ում

Նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ ՀՀ-ն վստահ է, որ կարող է իրականացնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործառույթը, եթե որոշեն առաջադրել թեկնածու: «ՀՀ-ն ունի՛ կարող թեկնածուներ»,- պնդեց ՀՀ դիվանագիտության ղեկավարը՝ նշելով, որ այս հարցում դեռ վերջնական որոշում չկա: Ըստ նրա՝ հարցը կքննարկվի նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ խորհրդի և ԱԳՆ խորհրդի նիստերի ժամանակ: «Առաջնայինն այն է, որ ՀԱՊԿ-ն որպես կազմակերպություն շարունակի մնալ արդյունավետ»,- նկատել էր ԱԳՆ ղեկավարը:

Այնուամենյնիվ, բաց է մնում այն հարցը, թե ՀՀ-ն կկորցնի՞ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը, թե Խաչատուրովին փոխարինող անձ կգտնեն:

ԳԱԼԱ-ն հարցազրույցը  ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ:

— Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ ԳՔ պաշտոնից, և ըստ էության, վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է: Ինչպե՞ս պետք է լուծվի հաջորդ ԳՔ հարցը: Ո՞վ է նշանակվելու այդ պաշտոնին, և առհասարակ ի՞նչ է թելադրում ընթացակարգը:

-Ինչպես գիտեք, Հայաստանը նախաձեռնել էր Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնավարումը վաղաժամ դադարեցնելու գործընթացը: Քանի որ Կազմակերպության բնականոն գործունեությունը մեզ համար հանդիսանում է կարևոր առաջնահերթություն, Հայաստանը միաժամանակ ձեռնամուխ է եղել նաև մի գործընթացի, որը թույլ կտա Կազմակերպության կանոնադրությամբ և ընթացակարգերով ձևավորել համապատասխան նորմատիվ բազա՝ կարգավորելու համար նման դեպքերին հետևող քայլերը: Ներկայումս նման ընթացակարգերը դեռևս ոչ լիարժեք են, և դրանց շուրջ քննարկումներ են գնում: Հաջորդ՝ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը ևս դեռ գտնվում է քննարկումների փուլում:

 —Հնարավո՞ր է, որ ՀՀն կորցնի ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը, և քարտուղարությունը ՀՀից այլ երկրի անցնի: Ինչպե՞ս կմեկնաբանեք Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, որ եթե ՀՀն կորցնի ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը, դրա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վրա:

-Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունների միջև ընթացող խորհրդակցությունների փուլում: Այս քննարկումները որոշակի կոնֆիդենցիալ բնույթ ունեն և չեն ընթանում հրապարակային դաշտում: Հարգելով այդ սկզբունքը՝ հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել՝ չվնասելու համար այդ քննարկումներին:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Էդուարդ Շարմազանովի նաև այն հայտարարությունը, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարության առիթով մտահոգություններ կան, և ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունն արդյունավետ չէ, արդեն հայռուսական հարաբերությունները տուժել են:

-ԱԳ նախարարի պաշտոնակատարն Ազգային ժողովում արդեն համապարփակ կերպով անդրադարձել է Ջոն Բոլթոնի այցի արդյունքներին:

Հավելեմ միայն, որ այդ այցը լավ հնարավորություն էր առաջին ձեռքից ծանոթանալու տարբեր հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումներին՝ տարածաշրջանային և տարածաշրջանից դուրս, հստակ ներկայացնելու մոտեցումները, ինչպես նաև այդ դիրքորոշումների հիմքում ընկած տրամաբանությունն ու առաջնահերթությունները: Այս այցի կարևորությունը կայանում է նաև նրանում, որ դա հայկական կողմի համար շատ էական առիթ էր՝ լայն իմաստով, աշխարհաքաղաքական ամբողջ ծավալով բացատրելի, ընկալելի դարձնելու և միմյանց հասկանալու բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգությանն ու գերակայություններին։ Մեզ համար դա չափազանց լավ առիթ էր շատ հստակ բացատրել մեր գործողությունների տրամաբանությունը։

Ինչպես Ազգային ժողովում նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը, լինելու են հաջորդ փուլեր՝ հայ-ամերիկյան բնականոն նորմալ, քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը զարգացնելու, այլ շրջանակներում միասին աշխատելու համար։

Անահիտ Ավագյան

Ավելին
Back to top button