Քոչարյանի խափանման միջոցը ընտրելու հարցում իմ նկատմամբ որեւէ ճնշում չի եղել. դատավոր

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ընտրելու հարցում իմ նկատմամբ որեւէ ճնշում չի եղել: Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է դատավոր Վաչե Մարգարյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կալանքի միջնորդությունը քննող դատավորն էր:
ԳԱԼԱ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր ՀՀ ԱԺ-ում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործը քննող հանձնաժողովի նիստն էր, որի ժամանակ հանձնաժողովի անդամները լսելու էին դատավորին:
Վերջինիս անունը հնչում էր նաեւ հայտնի ձայնագրությունում:
ԱԱԾ տնօրենը գաղտնալսված զրույցում իրեն անվանել է Հրաչ և ասել է, որ ուզի–չուզի, պիտի Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառի, դատավորը հորդորեց այդ մասին հարցել ոչ թե իրեն, այլ Հրաչին։ Անդրադառնալով այս հարցին, դատավորն ասել է, որ իր անունը Հրաչ չէ:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում ընդունելուց հետո իրեն կամ իր ընտանիքին սպառնացել են, դատավորը բացասական պատասխան է տվել:
Վաչե Մարգարյանն ընդգծեց, որ չի պատրաստվում պատասխանել այլ հարցերի, քանի որ այդպիսի պահանջ է դրված նաև Քննիչ հանձնաժողովի կողմից։