Նորություններ

«Իշխանությունները պարտավոր են հրապարակել Ասոցացման համաձայնագիրը»

Հոկտեմբերին Վիլնյուսում նախաստորագրվող Ասոցացման համաձայնագրի մասին խոսում են գրեթե բոլորը, մեկնաբանում այն, խոսում լավ ու վատ կողմերի մասին, սակայն Ասոցացման համաձայնագիրը դեռևս չի հրապարակվել և տպավորություն է ստեղծվել, որ բոլորը մեկնաբանում են առանց ծանոթանալու փաստաթղթի հետ ամբողջությամբ.

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԳՆ նախկին աշխատակից Վլադիմիր Կարապետյանի համար անհասկանալի է, թե ինչու չի հրապարակվում փաստաթուղթը. «Եթե շատ ֆորմալ մոտեցում ցուցաբերենք, ինչպես դա արեց արտաքին գործերի նախարարությունը, ապա դա կախված է երկու կողմից. նախ Եվրամիության, քանի որ այն նախաստորագրված չէ, եթե չկա երկու կողմի համաձայնությունը, փաստաթուղթը չի հրապարակվի, բայց քանի որ Եվրամիությունը շտապեց հայտարարել, որ բանակցությունները ավարտված են և տեքստում փոփոխություններ չեն լինելու, ապա քաղաքականապես ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ երկու կողմերն էլ չեն հրապարակում, քանի որ պարզ է, որ այլևս որևէ բան չի փոխվելու:

Կարծում եմ, որ եթե կողմերը՝ Հայաստանն ու Եվրամիությունն ունենային համաձայնություն, ապա լավ կլիներ, որ հրապարակվեր, հատկապես որ դա տեղավորվում է Եվրոպական միության այն պահանջների մեջ, որ հասարակական քննարկումներ պետք է լինեն, հասարակությունը պետք է ծանոթ լինի փաստաթղթին և այդ քննարկումների արդյունքում պետք է ավելի դրական արդյունք ձևավորվի հասարակության մեջ: Չէի ուզենա, որ մենք այնպիսի իրավիճակի առջև հայտնվենք, ինչպիսին եղան Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պահին, երբ մեզ ներկայացվեց պատմաբանների հանձնաժողովի լուրը գաղտնի բանակցութունների արդյունքում, ինչի պատճառով բավականին տհաճ իրավիճակում հայտնվեցինք: Կարծում եմ՝ այս անգամ այդպես չի լինի, բայց որպեսզի վստահ լինենք, պետք է փաստաթուղթը տեսնենք մեր աչքերով համոզվելու համար»:

Զրուցեցինք նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ, ով նույնպես գտնում է, որ այն պետք է հրապարակվի, քանի որ գաղտնի փաստաթուղթ չէ.

«Հայաստան-Եվրամիության միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում աշխատանքային այցի ժամանակ ես զեկույց եմ ունեցել, այն վերաբերել է մի շարք դրույթների  և մասնավորապես մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգերին: Թե հիմա ովքեր ինչ դրվագներ են ներկայացնում ու ինչո՞ւ տեղեկացված չեն ու խոսում են այդ մասին, դա արդեն իրենց խնդիրն է:

Ինչ վերաբերվում է հասարակությանը, անշուշտ, հանրության համար հետաքրքիր և կարևոր նշանակություն ունեցող հատվածները բնականաբար պիտի հրապարակվեն, համենայնդեպս պետական գաղտնիք չհանդիսացող փաստաթուղթը պիտի հրապարակված լինի»:

Մեր մյուս զրուցակիցը` Երևանի ավագանու անդամ, ԱԺ չորրորդ գումարման Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, գտնում է, որ մարդիկ պետք է տեղեկացված լինեն այդ փաստաթղթի մասին, քանի որ այն երկրի շահերից է բխում և նպաստում է ազատ ու մրցակցային շուկայի ապահովմանը և ոչ միայն.

«Ընդհանուր առմամբ ո՞րն է Եվրոպական միասնական տարածության առանձնահատկությունը. դա չորս կատեգորիաների ազատ տեղաշարժն է՝ մարդկանց ազատ տեղաշարժ, կապիտալի ազատ տեղաշարժ, ապրանքների ազատ տեղաշարժ և ծառայությունների ազատ տեղաշարժ: Ի՞նչ է տալիս Ասոցացման համաձայնագիրը. այն երկիրը բավականին մոտեցնում է միասնական տարածությանը, որտեղ որոշ առումներով դու էլ ես ունենում ազատ տեղաշարժ, գուցե ոչ Եվրամիության անդամ երկրի չափով, բայց քո համար նույնպես մատչելի է լինում քո ապրանքների ազատ տեղաշարժը Եվրոպայում, քո մարդկանց ազատ տեղաշարժը եվրոպական շուկայում, գոնե հեշտացվում է դա, ինչպես մուտքի արտոնագրերի դեպքում է լինում և նաև ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ, որն արվում է խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով:

Իսկ դրա համար պետք է, որպեսզի երկիրն ունենա կա´մ ժողովրդավարության բավարար մակարդակ, կա´մ գոնե միտումներ, որ մի քանի տարի հետո բարելավված կլինի իրավիճակը, և շուկան լինի ազատ ու մրցակցային, այս առումով որպեսզի երկիրը կարողանա համապատասխանել այդ չափանիշներին` Ասոցացման համաձայնագրով նախատեսվում են ապրանքների ներմուծման, ներկրման, արտահանման և այլ լուրջ չափանիշներ և հետևաբար երկիրը պարտավորություններ է ստանձնում իր շուկան մրցակցային ու ազատ դարձնելու առումով, եվրոպական ստանդարտներին համապատասխան դարձնելու և այլ առումներով:

Պետք է ասեմ, որ Հայաստանը չափազանց մեծ օգուտ պիտի ստանա այդ համաձայնագրից, եթե իհարկե երկրի ղեկավարությունը բավարար քաղաքական կամք ունենա ամեն ինչ իրականացնել այնպես, ինպես գրված է փաստաթղթերում, այլապես ռիսկերը կավելանան, ավելի շատ վեճեր ու տարաձայնություններ կլինեն, իսկ միգուցե նաև դադարեցվի համաձայնագիրը, որովհետև եթե Եվրոպան տեսնի, որ Հայաստանը կամ այլ անդամ երկիր ոչ մի քայլ չի անում իր պարտավորությունները ստանձնելու առումով, իհարկե ստիպված է լինելու խզել այդ ամենը:

Իսկ ինչո՞ւ չի հրապարակվում. վերջին այցելությունը Շտեֆան Ֆյուլեի չափազանց ուշագրավ էր նաև այդ առումով, որովհետև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում նա բացարձակ հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունը պարտավոր է հրապարակել փաստաթղթերը և հասարակությանը բացատրել դրա օգուտները: Քիշինյովում Արևելյան գործընկերության ԵԺԿ առաջնորդների հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց, որ այն պետք է հրապարակվի և հասարակությանը ներկայացվի առավելությունները, բայց առ այսօր որևէ բան չի արվել իշխանությունների կողմից, այսինքն` իշխանությունը հերթական անգամ իր խոստումն է տվել: Որքան էլ ավարտվել են բանակցությունները եվրոպական կողմի հետ, այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունները չեն շտապում սեփական հասարակությանը բացատրել երկրի օգուտները այդ ամեն ինչից, բացատրել ստանձնած պարտավորությունները, որովհետև հասարակությունը պիտի վերահսկի` իշխանությունները կատարո՞ւմ են այդ պարտականությունները, թե՞ ոչ:

Դա միանշանակ պետք է հրապարակվի, հո գաղտնի փաստաթո՞ւղթ չի: Երկրի օգուտի մասին է, և հասարակությունը պարտավոր է իմանալ դրա մասին, իրավունք ունի»:

Սեդա Ղուկասյան

Back to top button