«Գյումրու փողոցաշինությունը քաղաքականացնում են, ուզում եք Մարալիկի օրն ընկնե՞նք, ի՞նչ եք ուզում». Ս. Բալասանյան

Գյումրու ավագանին շատ բուռն քննարկեց նաև Գյումրու Ճերմակ հիվանդանոցի հարևանությամբ գտնվող կառույցը 10 մլն դրամ մեկնարկային գնով աճուրդի հանելու հարցը:
ԳԱԼԱ խմբակցությունից Լևոն Բարսեղյանն առաջարկեց կառույցի աճուրդի մեկնարկային գինն առնվազն եռապատկել, իսկ ՀՎԿ խմբակցությունից Սաշա Մարտիրոսյանն առաջարկեց տասնապատկել:
Սամվել Բալասանյանն առաջարկեց հարցի քվեարկությունը հետաձգել, աճուրդի գնի հարցը քննարկելուց հետո նորից նախագիծը կդրվի ավագանու նիստի քննարկմանը:
Սա ակնհայտորեն դուր չեկավ «Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու անդամներին: Նրանցից մեկը՝ Մխիթար Սահակյանը, նույնիսկ հայտարարեց, որ դուրս կգա նիստերի դահլիճից:
ՀՎԿ-ից Սաշա Մարտիրոսյանը մեկ այլ առաջարկությամբ էլ հանդես եկավ, նա առաջարկեց ավագանու արտահերթ նիստ հրավիրել և քննարկել փողոցաշինության խնդիրները:
Այս ելույթից հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դարձյալ ծավալուն ելույթով հանդես եկավ՝ հայտարարելով, որ միտում է տեսնում, որ «փողոցաշինական աշխատանքների վրա որոշ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են փորձում շահել»:
Բալասանյանին բորբոքել էր ֆեյսբուքյան որոշ օգտատերերի գրառումներ՝ Գյումրու փողոցաշինության մասին.
«Ֆեյսբուքներում գրում են օգտատերերը, թե շինարարությունն ուշանում է: Շինարարությունն անհանգստություն է, պետք է քանդես, որ կառուցես: Այս ծրագիրն ափսոս է, որ խաթարեն: 210 օր է տրված որակով գործ անելու համար»:
Բալասանյանի խոսքերով՝ որոշ մարդկանց կողմից իր նկատմամբ դավադրություններ կան:
«Ի՞նչ եք ուզում, ուզում եք Մարալիկի օրն ընկնի հա՞, կամ ասում են՝ հրաժարական է տալու, չգիտես որտեղից թեկնածուներ են հայտնվում: Այնպես չէ, որ ես կառչած եմ այս նյարդային վիճակներից: Այստեղ երկիր կա, կառավարություն կա, և ի վերջո տրամաբանություն կա»,- ասաց Բալասանյանը: