Ամանորյա ծախսեր՝ առանց շահերի բախման. աշխույժ քննարկում Գյումրու ավագանու նիստում
Գյումրու ավագանու նիստի հերթական օրն էր այսօր: Օրակարգում 19 հարց էր: Գյումրու ավագանին որոշում ընդունեց համայնքային մի շարք կազմակերպությունների՝ երաժշտական, սպորտ դպրոցների, ինչպես նաև բարեսիրական կազմակերպությունների, մեկ ընտանիքի դրամական օժանդակություն հատկացնելու մասին:
Աշխույժ քննարկում սկսվեց, երբ ավագանու քննարկմանը ներկայացվեց ամանորյա միջոցառումների կազմակերպման և անցկացման համար 7 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ նախագիծ:
Ըստ նախահաշվի 2,300,000-ը ամանորյա պարկերի ձեռք բերման համար է, 3,100,000 դրամը՝ փողոցների լուսավորության և տոնածառի մոնտաժման եւ ապամոնտաժման համար:
ԳԱԼԱ խմբակցությունից Քրիստինա Մկրտչյանը զեկուցողին՝ Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պատասխանատու Ջիլավյանին հարցրեց, թե ինչ կլինի, եթե Բալասանյանների ընտանիքի հետ կապվող «Անուշարանն» անմասն մնա ամանորյա գնումներից:
«Ամեն անգամ, երբ նման հարց է բարձրացվում, ամեն անգամ Գյումրու քաղաքապետարանից մատնացույց է արվում անցկացվող մրցույթները, և ստացվում է այնպես, որ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին է», բայց արդյունքում ստացվում է շահերի բախում»:
Հարցը խիստ մտահոգեց քաղաքապետարանի աշխատակիցներին: Ֆինանսական բաժնի մասնագետը դժգոհեց, թե ինչ վատ բան կա, երբ մանկապարտեզների տոպրակների մեջ նաև «Անուշարանի» արտադրության կոնֆետներ կան, ի վերջո թող քաղաքից գնեն: Հետո հռետորական հարց հնչեցրեց, թե ինչու են Գյումրու ավագանու անդամները շահագրգիռ, որ գյումրեցի երեխաների ամանորյա պարկերի մեջ երևանյան արտադրության կոնֆետներ լինեն:
Իսկ Սամվել Բալասանյանը սպառնաց, թե կփակի «Անուշարանը» և գարեջրի գործարանը, թող հարյուրավոր մարդիկ անաշխատանք մնան և երջանիկ լինեն:
Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի մասնագետը հստակեցրեց նաև, թե «Անուշարանը» վերջին տարիներին մրցույթի չի մասնակցում: Մասնակցում ու հաղթում են մատակարարող կազմակերպություններ, պարզապես այդ կազմակերպությունները «Անուշարան»-ից են կոնֆետ գնում:
«Ինչ անենք, ասենք՝ մի գնեք «Անուշարան»-ից, իրենց չվաճառե՞նք»,- հարցրեց Ջիլավյանը:
ԳԱԼԱ խմբակցության անդամը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ խնդիրը ոչ թե անհատներն ու կազմակերպություններն են, այլ ազնիվ գործելաոճը:
«Այսօր նիստը երևի չավարտվի, եթե սկսենք նաև խոսել այդ միջնորդ կազմակերպություններից, թե ովքեր են ստեղծում, ոնց են ձևավորում, և ի վերջո ինչպես է պատահում, որ իրենք որոշում են գնում կատարել «Անուշարան»-ից»,- ասաց Ք. Մկրտչյանը:
«Ավելի ազնիվ կլինի, թող հենց «Անուշարանը» մասնակցի մրցույթին, թե չէ ի՞նչ ասել է միջնորդ կազմակերպություն, այդ կազմակերպությունն էլ իր հերթին գնում է «Անուշարան»-ից…»,- ասաց Արման Գրիգորյանը: