Պատվաբեր մրցանակ, ներքաղաքական խմորումներ, պաշտոնանկության որոշումներ. հոկտեմբերի 4-ը՝ ամփոփ ու համառոտ

Առավոտյան տեղի ունեցավ կառավարության նիստը, որտեղ ընդունվեցին ԲՀԿ և ՀՅԴ քվոտայով նշանակված մարզպետներին աշխատանքից ազատելու որոշումները: Ըստ այդմ՝ Աշոտ Սիմոնյանն ազատվեց Արագածոտնի, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի, Գագիկ Միրիջանյանը՝ Արմավիրի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի, Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոններից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոններից ազատված նախարարներին ու մարզպետներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և նրանց հաջողություններ մաղթեց: Օրվա ընթացքում հրաժարականի դիմումներ ներկայացրին նաև մի քանի փոխմարզպետներ:
Գործադիրը հավանություն տվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ: Նշվեց, որ օրինագծի ընդունումը հնարավորություն կտա զգալիորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները՝ մասնակիորեն լուծելով դրանց գերբեռնվածության խնդիրը։
ՀՀ ոստիկանապետը կառավարության նիստից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Նա ասաց, որ Միհրան Պողոսյանի հետ կապված միջադեպի առիթով ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունի, դրա իրավական գնահատականը կտրվի ըստ ընթացակարգի՝ նյութերի ԱԺ փոխանցվելուց հետո: Վալերիյ Օսիպյանը նշեց նաև, որ ոստիկանությունը մեքենաները վնասելու վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել:
Շարունակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանավեճերն ու քննարկումները: «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ հրաժարական տալու և նոր վարչապետ չառաջադրվելու միջոցով խորհրդարանի լուծարում իրականացնելը, շատ ռիսկային է, որովհետև որևէ վստահություն չկա, ավելի շատ վստահություն կա, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն անպայման կառաջադրեն իրենց թեկնածուին, ինչը կանխելը բավականին դժվար կլինի: Արա Պապյանը պնդեց, որ պետք է դուրս գալ, այսպես ասած, օրինականության կաղապարի միջից ու գործել այն տրամաբանությամբ, որ երկրում հեղափոխություն է կամ հեղափոխության փորձ, հեղափոխության ժամանակ նախահեղափոխական օրենքներով չեն գործում:
ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու անդամներին: Ինքնաբացարկի դիմում ներկայացրածները 6-ն են՝ 5-ը ԲՀԿ-ից, 1-ը «Լույս» դաշինքից:
ԲՀԿ-ից ավագանու անդամությունից հրաժարվել են Նաիրա Զոհրաբյանը, Պետրոս Ղազարյանը, Նազիկ Ավդալյանը, Արմենակ Այվազյանը, Ջիվան Պողոսյանը, իսկ Արտակ Զեյնալյանը՝ «Լույս» դաշինքից: «Լույս» դաշինքի 3 մանդատները ստացածները՝ Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանն ու Անի Սամսոնյանը, ավագանու անդամներ էին նաև նախորդ գումարման ավագանիում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա: Նա Փարիզում կմասնակցի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:
Նյու Յորքում տեղի ունեցած Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ գալա-մրցույթին ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի այս տարվա մրցանակը շնորհվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Անահիտ Ավագյան