Նախահեղափոխական ու հետհեղափոխական պաշտոնյաներն ու նրանց ունեցվածքը (մաս 12)

ԳԱԼԱ-ն շարունակում է ներկայացնել, թե ինչ կարողություն են հայտարարագրել թավշյա հեղափոխությունից առաջ ու հետո պաշտոնավարած ու պաշտոնավարող բարձրաստիճան անձինք: Մինչ այժմ ներկայացրել ենք նախկին ու ներկա վարչապետներ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետներ Վաչե Գաբրիելյանի, Արարատ Միրզոյանի, Տիգրան Ավինյանի, Մհեր Գրիգորյանի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության նախկին ու ներկա ղեկավարների, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության նախկին պետի ու ներկայիս Պետական վերահսկողական ծառայության պետի ունեցվածքը: Իրենց ունեցվածքի հայտարարագրերն են ներկայացրել ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների նորանշանակ ղեկավարները:
Այսօրվա դիտակետում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ու ներկա ղեկավարներ Մարտին Սարգսյանի ու Սարհատ Պետրոսյանի, Քաղաքաշինական կոմիտեի նախկին ու ներկա նախագահներ Նարեկ Սարգսյանի ու Ավետիք Էլոյանի ունեցվածքը:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Մարտին Սարգսյան
Պաշտոնը ստանձնել է 2014թ. հունիսին: Այդ ժամանակ հայտարարագրել է միայն դրամական միջոցներն ու աշխատանքի վարձատրությունից գոյացած եկամուտը: Դրամական միջոցները տարեսկզբին եղել են 7 մլն, տարեվերջին՝ 8,5 մլն դրամ: Եկամուտն էլ կազմել է ավելի քան 6 մլն դրամ: 2017թ. վերջին Մարտին Սարգսյանի դրամական միջոցներն աճ են արձանագրել՝ հասնելով 16 մլն դրամի: Աճել են նաև եկամուտները՝ դառնալով մոտ 9 մլն դրամ:
Մարտին Սարգսյանն ավելի պատկառելի ունեցվածք է հայտարարագրել արդեն պաշտոնը դադարեցնելիս: Ըստ այդմ՝ 2018թ. մայիսին նա արդեն ուներ 2 բնակարան, 25 հազար դրամի ու 16500 գրիվնայի արժեթղթեր, 20 մլն դրամի դրամական միջոցներ: Եկամուտն էլ, որ գոյացել է աշխատանքի վարձատրությունից, կազմել է 20 մլն դրամ:
Սակայն հայտարարագրվածը կադաստրի կոմիտեի նախկին նախագահի իրական ունեցվածքը չէ: Նրա ուկրաինական բիզնեսն ու դրա եկամուտները պարբերաբար հայտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպես նշվում էր, 2005-ի սեպտեմբերին Մ. Սարգսյանը Լվովի մարզի Բորիսլավ քաղաքում (Կովալև 47, բազմաբնակարան շենք է) հիմնադրել է «Սար-Մով» ՍՊԸ-ն: Նրա գործընկերներն են եղել Վահագն Մովսիսյանն ու Հարություն Խուրշուդյանը: Վերջինս շատ շուտ դուրս է եկել մասնակիցների կազմից, ընկերության 33.000 գրիվնա (554.000 դրամ) կանոնադրական կապիտալը հավասարաչափ կիսել են Սարգսյանն ու Մովսիսյանը: Ընկերության գործունեության տեսակները մի քանիսն են՝ բնափայտի սղոցում և ռանդում, հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման, ինչպես նաև ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ, զբոսաշրջային գործակալությունների գործունեություն: Ուկրաինական բիզնեսն ու դրանից ստացվող եկամուտները բնականաբար տեղ չեն գտել Մարտին Սարգսյանի հայտարարագրում։ Վերջինս ՀՀԿ կարկառուն դեմքերից է: 1998-1999 և 2007-2014թթ. եղել է ԱԺ պատգամավոր, 1998-2007 թթ.՝ Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավար:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ներկայիս ղեկավար Սարհատ Պետրոսյան
Պաշտոնին է նշանակվել օգոստոսի 9-ին: Հայտարարագիրը ներկայացրել է սեպտեմբերի 7-ին:Ըստ այդմ՝ նա ունի 2 բնակարան, 2 ավտոմեքենա՝ BMW X1 2.0 2.2 և MITSUBISHI PAJERO PININ 1.8 մակնիշների, հանձնած փոխառություններ, արժեթղթեր և այլ ներդրումներ, 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք չունի: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 մլն 686 հազար 576 դրամ, 2600 եվրո, 793 ԱՄՆ դոլար:
Աշխատանքի վարձատրությունից գոյացած եկամուտն էլ կազմել է ավելի քան 4 մլն դրամ:
Քաղաքաշինական կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյան
Քաղաքաշինական կոմիտեի նախագահի պաշտոնին է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 11-ին: Պաշտոնը ստանձնելու ժամանակ Նարեկ Սարգսյանը հայտարարագրել է 2 հողամաս, 1-ական անհատական տուն, բնակարան՝ ԲԲՇ-ում, ավտոտնակ: Ունեցել է 50 հազար դրամի արժեթղթեր: Դրամական միջոցներն էլ կազմել են 5 մլն 150 հազար դրամ, 4 հազար ԱՄՆ դոլար, 2 հազար եվրո: Եկամուտն էլ, որ մի քանի աղբյուր է ունեցել՝ աշխատանքի վարձատրություն, մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումներ, կազմել է 10 մլն 210 հազար 270 դրամ: Մեկ տարի անց պաշտոնյայի դրամական միջոցներն աճ են արձանագրել՝ տարեսկզբին կազմելով մոտ 8 մլն դրամ, 7400 ԱՄՆ դոլար, 2300 եվրո, տարեվերջին, սակայն, կրկին նվազել են՝ մոտ 5 մլն դրամ, 4 350 ԱՄՆ դոլար, եվրոարժույթն անփոփոխ է՝ 2 հազար 300: Աճ է արձանագրել նաև եկամուտը՝ մոտ 13 մլն դրամ:
Պաշտոնը դադարեցնելիս՝ 2018թ., Նարեկ Սարգսյանի անշարժ գույքն անփոփոխ է եղել, միայն դրամական միջոցներն են անկում արձանագրել՝ 3 մլն 400 հազար դրամ, 3 հազար 800 ԱՄՆ դոլար, 2 հազար եվրո: Որպես եկամտի աղբյուր է նշվել արդեն միայն աշխատանքի վարձատրությունը, որը ևս նվազել է՝ կազմելով 5.5 մլն դրամ:
Վերը նշվածը պաշտոնական տվյալներ են: Սակայն երկրի քաղաքաշինական ողջ գործընթացն իր ձեռքում պահած պաշտոնյան պարբերաբար հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Օրինակ՝ նշվում էր, որ նա վիճակախաղով միլիոնից ավելի գումար է շահել: Հետո այդ տեղեկությունը հերքել էր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը՝ պնդելով, որ նշյալ գումարը 2015 թվականին ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցված կառավարական վարչական նոր համալիրի համար պետական մրցանակի արժանացած ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պետմրցանակով սահմանված գումարն է, որը 2016 թվականի սկզբին ստանալով (անդորրագիրը պահպանվում է)՝ նույն օրն էլ նա ամբողջությամբ որպես նվիրատվություն փոխանցել է Գյումրիի «Շիրակ» կենտրոն Հ/Կ-ին՝ որպես աջակցություն հասարակական կազմակերպության կողմից Գյումրիի անապահով ընտանիքների համար իրականացվող ծրագրերի»:
Քաղաքաշինական կոմիտեի ներկայիս նախագահ Ավետիք Էլոյան
Պաշտոնը ստանձնել է 2018թ. հունիսի 15-ին:
Նորանշանակ պաշտոնյան որպես անշարժ ու շարժական գույք հայտարարագրել է 1-ական հողամաս, անհատական բնակելի տուն ու ավտոտնակ, 2 բնակարան ԲԲՇ-ում, 2 ավտոմեքենա՝ LEXUS IS 200 և INFINITI QX 60 մակնիշների: Ավետիք Էլոյանը չունի փոխառություններ ու արժեթղթեր: Դրամական միջոցները կազմել են 117 հազար ԱՄՆ դոլար: Եկամուտն էլ, որ գոյացել է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից, կազմել է 44 հազար 928 ԱՄՆ դոլար (ներկայացված է արտարժույթով):
Եվ մի քանի կենսագրական տվյալ Ավետիք Էլոյանի մասին: 2002-2006թթ. աշխատել է «Ռոք Քայվանո արքիթեքթս», 2006-2008թթ.՝ «Պապաջորջ-Հայմս փարթներս» նախագծային արվեստանոցում: 2008-2012թթ. եղել է Սան Ֆրանցիսկոյի «Մաքդոնալդ արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցի նախագծերի ղեկավարը, իսկ 2012-2018թթ. ԱՄՆ-ում հիմնադրել և ղեկավարել է «Էլոյան արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցը: Նախագծել է կառույցներ, որոնցից առավել նշանակալի են «Սան Ֆրանցիսկո Բեյ բրիջ» կամուրջի մատույցները, «Պորտլանդ Միլուոկե» կամուրջը, Չիկագոյում՝ «Ալտա Քեյ» բազմահարկ բնակելի շենքը և այլն:
Անահիտ Ավագյան