«Այսուհետ ՀՀ-ում չեն կարող լինել այնպիսի խոշորացումներ, որոնք չեն բխում համայնքի շահերից ու ցանկություններից». Սուրեն Պապիկյան

«Այսուհետ ՀՀ-ում չեն կարող լինել այնպիսի խոշորացումներ, որոնք չեն բխում համայնքի շահերից ու ցանկություններից». սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ ինքը դրական է վերաբերվում համայնքների խոշորացմանը, սակայն նախորդ իշխանությունների օրոք կայացվել է քաղաքական որոշում, և համայնքները խոշորացվել են, սակայն բնակիչներին չեն ներկայացվել խոշորացման թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը:
Սուրեն Պապիկյանն ասաց, որ վերանայվել են նախորդ իշխանությունների օրոք իրականացվող մի շարք ծրագրեր: Ըստ նախարարի՝ Ջերմուկի բնակչության համար գուցե հաճելի չլինի, սակայն քաղաքին տրամադրված մի շարք գումարներ անընդունելի են: «Ինչպե՞ս կարելի է բարվոք ճանապարհը քանդել ու ասֆալտապատել և դրա վրա ծախսել 1 մլրդ դրամ: Պետական միջոցների հաշվին Ջերմուկի հյուրանոցների համար թենիսի կորտեր են կառուցվել: Այսինքն՝ ծախսվել են գումարներ, ինչից Ջերմուկի սովորական քաղաքացու կյանքը չէր բարելավվելու: Նման չափի գումարներ պետք է ծախսել 30 տարի մոռացված, ավելի հեռավոր շրջանների զարգացման վրա, ընդ որում՝ շրջաններ, որտեղ միայն ուղղաթիռով կարելի է հասնել»,- ասաց նախարարը: Նշեց նաև, որ առաջիկայում գումարներ կտրամադրվեն միջպետական ու միջհամայնքային ճանապարհները նորոգելու համար: Այսպես, այդ նպատակով 2 մլրդ 220 մլն դրամ կտրամադրվի տրանսպորտի և կապի նախարարությանը: Բարվոք վիճակի կբերվեն նաև հասարակական զուգարանները:
Սուրեն Պապիկյանը հայտնեց նաև, որ Տավուշում կհիմնվեն նմանը չունեցող անասնապահական ֆերմա և տեքստիլ արտադրություն: Ռուսաստանում ապրող Մովսես գյուղի 2 բնակիչներ խոստացել են 200 հազար դոլար ներդրում կատարել Մովսես տանող ճանապարհի նորոգման մեջ: Այստեղ համաֆինանսավորող կլինի նաև կառավարությունը, և վերջինս ամեն բան կանի՝ ճանապարհի նորոգումն իրողություն դարձնելու համար:
Անդրադառնալով Սևանից ջրառի հարցին՝ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ միջգերատեսչական հանձնաժողովը տեղում ստուգումներ է անում, թե նախատեսված 40 մլն խմ ջրից որքանն է բաց թողնվել: Արդեն բաց է թողնվել 26,5 մլն-ը:
Ըստ նախարարի՝ խնդրով զբաղվող հանձնաժողովն արձանագրել է բազմաթիվ խախտումներ. մասնավորապես, ջրառի հատվածում կան ապօրինի խողովակներ, որոնք սպասարկում են հողատարածքներ: Գյուղացիները գործարքի են գնացել, և ապօրինի խողովակներով տրվող ջրի համար ավելի ցածր սակագին են վճարում:
Տարածքային կառավարման նախարարը խոստացավ, որ Ֆրանկոֆոնիայի օրերին մայրաքաղաքը կլինի մաքուր: Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ եկել են համաձայնության, որ այլ համայնքներից կոմունալ տեխնիկա կներգրավվի Երևանի սանմաքրման գործում: