ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«Գաղտնալսումը ցույց տվեց, թե որքան հեղհեղուկ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում քաղաքագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսմանը: Նրա խոսքերով՝ տեղի ունեցածն աննախադեպ երևույթ է:

«Ես չեմ հիշում, որ որևէ երկրի հատուկ ծառայության ղեկավարին գաղտնալսեն և հրապարակեն: Եղել են դեպքեր վերջին տարիներին, սկանդալներ տարբեր երկրների նախագահներին գաղտնալսելու հետ կապված, բայց որ հատուկ ծառայության ղեկավարին են գաղտնալսել և հրապարակել, դա աննախադեպ էր: Սա ցույց է տալիս, թե որքան հեղհեղուկ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և իրենք անվտանգության շատ լուրջ խնդիրներ ունեն նաև երկրի ներսում»:

Արմեն Վարդանյանը կարծում է, որ ձայնագրության հրապարակմամբ մեկ նպատակ է հետապնդվել՝ խարխլել Նիկոլ Փաշինյանի դիրքերը երկրում, ապացուցել, որ նա միջամտում է դատական իշխանության գործերին, ճնշում է գործադրում դատավորների վրա:

«Այն թեզը, որը պարոն Փաշինյանը երկար ժամանակ հնչեցնում էր, թե մենք չենք խառնվելու դատական համակարգի գործերին, կարծես թե փլուզվեց: Ճիշտ է՝ իշխանությունները որոշակի պարզաբանումներ մտցրեցին, բայց անկախ ամեն ինչից՝ պետք է ասել, որ նրանց դիրքերը զգալիորեն թուլացել են, և Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները գալիս են ապացուցելու դա»:

Քաղաքագետը կարծում է, որ չպետք է թերագնահատել հակահեղափոխության հնարավորությունը:

«Պետք է մի բան հաշվի առնել, որ մի կողմն ունի լեգիտիմ իշխանություն, իսկ մյուս կողմն ահռելի ռեսուրսներ՝ միլիարդավոր դոլարներ, մեծ կապեր, այդ թվում նաև կապեր դատական համակարգում, գործադիր մարմնում ունեն, Ազգային ժողովում ունեն: Այո, երկու կողմերն էլ ունեն ռեսուրսներ, և չպետք է թերագնահատել հակահեղափոխության հնարավորությունը: Օլիգարխիան, նախկին հանցավոր ռեժիմը, տարիների ընթացքում միլիարդավոր դոլարներ թալանելով, ահռելի ունեցվածքի տեր է դարձել, և այդ ունեցվածքի միջոցով մենք տեսնում ենք, որ նրանք կարողանում են հեռուստաընկերություններ գնել, կայքեր բացել և փորձել հասարակական կարծիքի վրա ազդել, փորձել թուլացնել Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրքերը»,- նշեց Արմեն Վարդանյանը:

 

Ավելին
Back to top button