Նորություններ

«Մարտի 1-ին սպանդ է եղել: Պարզվում է՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը դրանից տեղյակ չի եղել». Լ. Շիրինյան

Սեպտեմբերի 11-ին, երբ համացանցով տարածվեց ՀՀ ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսային գաղտնալսված խոսակցությունը, ներքաղաքական քննարկումները տարան այն ուղղությամբ, թե ովքեր էին կանգնած դրա հետևում, արդյոք վտանգված է պետականությունը, և պե՞տք է հրաժարական տան վերոնշյալ կառույցների ղեկավարները: Այդ հարցերի շուրջ է ԳԱԼԱ-ն զրուցել քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:          

Պարոն Շիրինյան, սեպտեմբերի 11-ին ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային գաղտնալսված խոսակցության համացանցով տարածողը, ըստ Ձեզ, ո՞վ կամ ի՞նչ շրջանակներ կարող են լինել: Դրանք ներհայաստանյան ուժե՞ր են, թե՞ թելերը կարող են նաև ՀՀ-ից դուրս տանել:

— Ինձ թվում է՝ ներսն ու դուրսը միմյանց հետ համագործակցում են: Դրա նպատակն օլիգարխիայի պաշտպանությունն է: Հայաստանն ազատագրվում է օլիգարխիայի վառ պարագլուխներից՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Այդ ազատագրումը որպես պետականության, ինքնիշխանության վերականգնում, պարզ է, որ ձեռնտու է ՀՀ ժողովրդի 90 տոկոսին, բացի օլիգարխիայից, ինչպես նաև այն պետություններից, անունները չեմ ուզում տալ, որոնք չեն ուզում, որ ՀՀ-ն այսօր Կովկասում լինի ինքնուրույն ռազմաքաղաքական, մշակութային միավոր: Հետևապես, կատարվածը կազմակերպված ու համագործակցված կարող է լինել: Դրա նպատակն է շեղել գաղտնալսումը օլիգարխիայի ոչնչացման վարչապետական քաղաքականությունից, ոչինչ չստացվեց:

— Պարո՛ն Շիրինյան, Ձեր գործընկեր քաղաքագետներից ոմանք էլ այն տեսակետին են, թե նպատակը երկու կառույցների հրաժարականներին հասնելն էր: Համամի՞տ եք:

-Ո՛չ: Մեր պետական ինստիտուտների ուշադրության կենտրոնում պետք է շեղում չլինի, օլիգարխիայի դեմ քաղաքականությունը պետք է շարունակվի, հետևողական իրավական չափորոշիչների կիրառմամբ և լութոկրատիայի ոչնչացմամբ: Լութոկրատիան փողի իշխանությունն է: Այս համակարգը սպանվում է, այն ունի նաև միջազգային կապեր, ովքեր թույլ են տվել, որ երկիրը կողոպտեն, և մեծանա ՀՀ կախվածությունը որոշ միջազգային կենտրոններից: Վարչապետը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շարունակվի: Բայց կարծում եմ՝ ուշադրությունը պետք է բևեռվի հատուկ ծառայություններն ազգային անվտանգության շահերին ծառայեցնելուն: Ես որքան լսել եմ տեսաձայնագրությունը, այստեղ ՀՔԾ-ի պետը ինչո՞ւ պետք է հրաժարական տա, չեմ հասկանում: Նա պաշտպանում է օրենքը, օրինականությունը և ՀՀ պետական շահերը, ԱԱԾ պետը՝ Ռուսաստանի խաթրին ձեռք չտալը: Ջրբաժանը 100 տոկոսանոց է: Հետևապես, պետական կառույցները պետք է պաշտպանեն ՀՔԾ-ի պետին, իսկ հետաքննությունը բևեռանա ազգային անվտանգության ծառայության վրա, որը պարտավոր է ոչ միայն մնացած ինստիտուտների հաղորդակցության միջոցներն ապահովել, այլ նաև սեփականը:

Եթե ԱԱԾ-ն չի կարողացել պահել ոչ միայն ուրիշի, այլ նաև իր պետինը, ի՞նչ ասես. այստեղ այն է, որ, ինչպես ասում են, կեղտաջրի հետ երեխային էլ տաշտակից դուրս են շպրտել: ՀՔԾ-ն պետք է պաշտպանվի, իսկ ԱԱԾ-ի վերաբերյալ հետաքննություն լինի, պարզեն՝ ովքե՞ր են գաղտնալսումը հրապարակել, ինչո՞ւ են հրապարակել: 2-րդ հարցը. ինձ համար տարօրինակ է՝ ՀՀ ծանրագույն այս վիճակում՝ աշխատանքի ծավալ, պետության՝ դեպի ժողովրդավարության թեքում, օլիգարխազերծ քաղաքականություն, և ԱԱԾ պետը նաև ՀՖՖ ղեկավարի պաշտոնին է հավակնում, պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում: Այս պայմաններում սա պետք է քննվի, եթե ԱԱԾ-ն իր պետի խոսակցությունը չի կարող պաշտպանել, ՀՀ-ում էլ ո՞վ կարող է պաշտպանված լինել. վարչապե՞տը, ՀՀ նախագա՞հը, թե՞ պաշտպանության նախարարը: Դրա համար ԱԱԾ պետը պետք է վաղուց հրաժարական տված լիներ, ներողություն խնդրեր հայ ժողովրդից, որովհետև ինքը չի կատարել ՀՀ պետական շահերի պաշտպանությունը: Չեմ ասում՝ դիտավորյալ չի արել: Բոլոր դեպքերում դա նշանակում է պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակ: Թող հետաքննությունը, ազգային անվտանգությունը քննեն, տեսնեն, հնարավոր է՝ իրականում իր դեմ էլ է ուղղված, նաև իրեն պաշտպանեն, բայց այս պարագայում ինքը պարտավոր էր ուրիշներին պաշտպանել:

-Իսկ հրաժարականն արդյոք բացասական ազդեցություն չի՞ ունենա հետագա իրավական գործընթացի վրա:

-Ոչ: Իր պարտականությունը չկատարած մարդը պետք է փոխարինվի ավելի բարձր մասնագետով: Եթե ոչ, ապա ԱԱԽ-ն պետք է քննի, փաստը անպայման պետք է բացահայտվի՝ ո՞վ է կազմակերպել գաղտնալսումը: Դուք լսե՞լ եք մի երկիր, որի Անվտանգության ծառայության պետը հայտարարի, որ երկրի ղեկավարների խոսակցությունների անվտանգությունն ինքը չի կարողացել ապահովել:

Ես մեկ դեպք եմ հիշում. ըստ Վիկիլիքսի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցները գաղտնալսել էին են ոչ միայն ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայությունը, այլ նաև Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունները: Նման եզրահանգման էին եկել նաև Գերմանիայի հատուկ ծառայությունները՝ կանցլերի հեռախոսը ստուգելուց հետո: Ըստ նրանց՝ գաղտնալսում հնարավոր էր, քանի որ հեռախոսը զինված չի եղել կրիպտոգրաֆիական պաշտպանության միջոցներով:

-Վիկիլիքսը ուրիշ բան է: Հետո՝ Գերմանիան կարող է իրեն այդպիսի ճոխություն թույլ տալ: Գերմանիայի վիճակը այն չէ, ինչ մեր վիճակը: Մեր սահմանափակ ռեսուրսների պարագայում ՀՀ-ն պետք է ունենա 1-ին կարգի անվտանգության և այլ ծառայություններ: Ինձ համար տարօրինակ է Միքայել Հարությունյանի անօրինական պաշտպանությունը ԱԱԾ պետի կողմից: Հիմա բոլորի նկատմամբ իրականացվում է արդարադատություն: Դատարանը ցույց կտա: Բայց ասում է՝ ռուսների հետ համաձայնեցրել է: Ի՞նչն է համաձայնեցրել. որ նա անձեռնմխելի լինի՞: Ստացվում է՝ ՀՀ ազգային անվտանգությունը կարելի է զոհաբերել ինչ-ինչ հաշիվների: Մինչդեռ հենց ԱԱԾ-ն  ազդեցությունները չեզոքացնող գործոն պիտի լինի: Երկուսին նույն հարթության վրա դնելը վտանգավոր է: ՀՔԾ-ն պետք է շարունակի, այն հաղորդակցության միջոցները անվտանգ պահելու պարտականություն չունի, ԱԱԾ-ն ունի: Այս դեպքում ԱԽ-ն պետք է քններ հարցը, հետո նոր այն տեղափոխվեր խորհրդարան:

-Այսինքն՝ Անվտանգության խորհրդի նիստը պետք է նախորդեր Քննիչ հանձնաժողովի ստեղծմա՞նը:

-Այո: ՀՔԾ-ի հարցը չպետք է քննվի, պետք է քննվի ԱԱԾ-ի հարցը:

-Իսկ Դուք ի՞նչ ակնկալիք ունեք Քննիչ հանձնաժողովից:

-Կազմը չգիտեմ, եթե ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից կան, ակնկալիք չունեմ: Եթե հանրապետականն է գերիշխում, պարզ չէ՞, որ օլիգարխիան է: Եթե ոչ, ապա պետք է պարզել՝ դրա կազմում օտար պետությունների հանդեպ համակրանք ունեցողներ կա՞ն: Սա ուրիշ բան է, առիթը տրված է, որ ՀՀ իշխանությունը, կոնկրետ վարչապետը հետևողականորեն պետք է պետականությունն ամրացնի՝ ԱԱԾ-ի հարցը վերջնական լուծելու համար: Եթե կա պորտալար այլ պետության հետ, պետք է կտրվի, այնպես, ինչպես ժամանակին կտրեց Վացլավ Հավելը չեխական ծառայության պորտալարը նախկին մետրոպոլիայի հետ: Սա հակառուսական քայլ չէ: Այդ դեպքում Ռուսաստանը կհարաբերվի ՀՀ պետական ինստիտուտների հետ: Սա բխում է Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերի համատեղումից:

 -Վերջին շրջանում ՀՀ 2-րդ նախագահն ակտիվացել է լրատվամիջոցներում: Դա ի՞նչ է, դեռ գոյություն ունեցող ուժի ցուցադրո՞ւմ, թե՞ այլ բան:

— Ձկանը որ ջրից շպրտում են, թպրտում է, այդ վիճակն է: Թպրտում է, փոխանակ պահանջի արդարադատություն: Հետո էլ բացատրություն է տալիս, թե որտեղից են իր փողերը, օրինակա՞ն են, թե՞ ոչ: Նախագահը որևէ երկրում չի կարող հարուստ լինել: Թրամփը կարող է, որովհետև իր աշխատանքով է եկել, ինքը՝ ոչ: Դատարկ ճամպրուկով եկել է, լիքով՝ վերադարձել, ինչի՞ մասին է խոսքը: Ձեռքերը փրփուրից է գցել: Գեներալ Մանվելին հանձնեցին, որպեսզի փրկվեն: Այդպես էլ չասացին, թե գեներալ Մանվելին ով է զինել: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երբեք չհասկացան, որ ժողովուրդը գործոն է: Ինքնիշխանը ժողովուրդն է, ուրիշը ոչինչ է, ուզում եք՝ Չերչիլին ու Բիսմարկին հարցրեք: Այնպես որ, այստեղ տագնապելու առիթ չկա:

-Իսկ քոչարյանական փաստաբանների ակտիվացո՞ւմը:

-Հետաքննություն է պետք անել, թե որքան հոնորար են ստանում, ձրի չեն աշխատում:

-Ոչ մի փաստաբան ձրի չի աշխատում:

— Ենթադրենք սուլթան Համիդին հայությունը ճար ունենար դատի տար, 4-5 փաստաբան պաշտպանեին նրան, թե ճար չի ունեցել, Սասունում կոտորած է արել: Այդ դեպքում հայ փաստաբանները պիտի գնային նրան պաշտպանեի՞ն: Թող հրաժարվեին, ես առաջարկում եմ՝ հիմա թող դուրս գան, պետությունը կնշանակի փաստաբաններ: Սրանով նրանք այս կամ այն կերպ կողոպուտին մասնակից են դառնում: Քաղաքականությունից և օրենքից անդին և մեր ազգային ավանդույթներով պետականաշինության բարոյականությունն ամեն ինչի հիմքում է: Իրենց արածն անբարո է: Բարոյականությունն ընկած է նաև միջազգային իրավունքի և օրենքի հիմքում: Եթե օրենքն անբարո է, վերջացած բան է, դառնում է ստալինիզմ: Ի՞նչն են պաշտպանում, Մարտի 1-ին սպանդ է եղել: Եվ պարզվում է՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը դրանից տեղյակ չի եղել, դուք հավատո՞ւմ եք դրան: Ինքն էլ չի հավատում: Եթե տեղյակ չի եղել, ուրեմն՝ անմեղսունակ է եղել, որի համար Սահմանադրությունը պաշտոնանկություն է նախատեսում: Իսկ եթե անմեղսունակ չէ, ուրեմն՝ ամբողջ պատասխանատվությունն իր վրա է:

Այս համաշխարհային Սոդոմ-Գոմորի մեջ շանս ենք ստացել՝ դառնալ պետականություն և լինել քաղաքական, ռազմական ու մշակութային գործոն՝ մեր ժողովրդի անվտանգությունը ցեղասպանությունից ապահովելու համար: Այդ շանսից պետք է օգտվել: Այսօր բոլորը պետք է կանգնեն վարչապետի թիկունքին: Այն կարծրատիպը, որ ժողովրդի մեջ սերմանվում է, թե երիտասարդները փորձ չունեն, հիմարություն է: Աստված չանի, որ ՀՀԿ-ի փորձն ուրիշներն ունենան, դա կողոպուտի, հայրենադավության ու բանակը թալանելու փորձ է: Փորձը միշտ չէ, որ լավ է: Լավ են անփորձները, քան փորձված ավազակները:

Հարցազրույցը՝ Անահիտ Ավագյանի

Back to top button