Նորություններ

«Հայկական թավշյա հեղափոխություն» գրքի շնորհանդեսը կանցկացվի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին

Սեպտեմբերի 5-9-ը Ռուսաստանում կանցկացվի Մոսկվայի գրքի միջազգային 31-րդ ցուցահանդես-տոնավաճառը: ԱՊՀ տարածաշրջանում ամենահեղինակավոր գրական իրադարձությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում է նաև «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում տեղի կունենա Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը, որը լույս է տեսել «Էդիթ Պրինտ»-ի նախաձեռնությամբ:  

Գրքում ներկայացվում է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև՝ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրի քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան, մինչև մայիսի 8-ը, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:

Նշենք, որ Մոսկվայի գրքի միջազգային 31-րդ ցուցահանդես-տոնավաճառին բացի այս գրքից հրատարակչությունը ՀՀ մշակույթի նախարարության տաղավարում կներկայացնի իր գրքերի լավագույն տեսականին, այդ թվում՝ վերջերս լույս տեսած Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» (հեղ. Ուիլյամ Չ. Ռեմփել):

Հավելենք, որ ցուցահանդես-տոնավաճառը Մոսկվայի և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ամենակարևոր մշակութային իրադարձությունն է: Այն ավանդաբար մեկնարկում սեպտեմբերի առաջին չորեքշաբթի օրը: 2018 թվականի ցուցահանդեսի առանցքում մանկական գրականությունն է: Իրադարձությանը մասնակցելու են բազում հրատարակիչներ, գրախանութներ, գրականության ոլորտի ներկայացուցիչներ, թարգմանիչներ, գրողներ և այլք:

Ավելին
Back to top button