Սևանյան կորուսյալ փողեր, նախընտրական անցուդարձ, ճանապարհաշինություն. օգոստոսի 29-ի ամփոփումը

Օրվա քննարկումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվեցին ճանապարհաշինության և ճանապարհների վերանորոգման ոլորտում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:
Վարչապետը, կարևորելով խնայված ռեսուրսների հաշվին մինչև 2018թ. ավարտը նախատեսվածից ավելի շատ ճանապարհահատվածների նորոգումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ ևս մեկ անգամ ուսումնասիրել այդ շրջանակի ընդլայնման հնարավորությունները և լրացուցիչ միջոցներն ուղղել այնտեղ, որտեղ կան պատրաստի ճանապարհաշինական նախագծեր:
Օրվա դատական հայտը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործը: Այն մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին: Այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը:
Օրվա երկրորդ ընթերցումը
ՀՀ ԱԺ-Ն 80 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Հիշեցնենք՝ դրանով Սևանից ջրառի տարեկան սահմանագիծ ամրագրվեց մինչև 210 մլն խմ-ը՝ նախկին 170 մլն խմ-ի փոխարեն:
Օրվա «կորուսյալ փողերը»
«Մենք 3 տարին մեկ կորցնում ենք Սևանա լճի ավազանի չափ ջուր, իսկ դա 32,9 մլն խմ ջուր է: Ամենաէժան թվաբանությունն անելու դեպքում դա կազմում է 6.6 մլրդ դոլար գումար՝ 3 տարին մեկ: Այսինքն՝ 2.3 մլրդ դոլար գումար կարող է ամեն տարի մտնել պետբյուջե: Եթե հաշվի առնենք, որ Սևանը ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա է, այս խնդիրը լուծելն այդքան էլ բարդ չէ: Ես ուզում եմ, որ այս կառավարությունը բյուջեի նախագծի հետ միասին «ՀՀ բյուջեի մասին» օրենքը բերելու հետ բյուջեի ուղերձում ունենա 15 տարվա ծրագիր, որտեղ նշված կլինի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը»,- ԱԺ նստաշրջանում հայտարարեց «Ելք» խմբակցությունից պատգամավոր Արամ Սարգսյանը:
Օրվա «պատասխանը Չեմբեռլենին»
«Այն կարծիքին չեմ, որ Սահմանադրությունը փոխվել է, որպեսզի Սերժ Սարգսյանը 3-րդ ժամկետով պաշտոնավարի: Հարգանքով վերաբերվելով պարոն 2-րդ նախագահի կարծիքին՝ չենք կիսում այդ դիրքորոշումը, բայց սա չի նշանակում, որ շատ ու շատ ավելի լայն հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել». նման կերպ արտահայտվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ռուսաստանյան НТВ Հ/Ը հետ հարցազրույցում տված այն գնահատականին, թե Սերժ Սարգսյանը չպետք է սահմանադրական փոփոխություն նախաձեռներ՝ դրանով փորձելով իշխանությունը պահել իր ձեռքում:
Օրվա ԿԸՀ—ական առօրյան
Ժամը 18-ին լրացավ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: Ըստ այդմ՝ ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել 9 կուսակցություն և 4 դաշինք:
Օրվա հրամանը
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Դրա ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը:
Օրվա նամակը
ՀՀ 1-ին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ է ուղղել Երևանում Եվրոպայի խորհդի գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովային՝ ընտրական օրենսդրության բարեփոխումների մշակման և իրագործման հարցում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունը ստանալու նպատակով: Նամակում ասված է. «Ընտրական օրենսդրության անհապաղ բարեփոխման անհրաժեշտության պայմաններում մենք կողջունենք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում՝ ապահովելու առաջիկա ընտրությունների պատշաճ մակարդակով կազմակերպումն ու իրականացումը»:
Օրվա հարկային «թանկացումը»
«Մեզ են դիմել բազմաթիվ գործարարներ, ովքեր բողոքում են մաքսազերծման գործընթացում առաջացած նոր խնդիրներից:
Մաքսային սահմանն անցնելիս մեկ կիլոգրամի մաքսազերծումը թանկացել է 2 դոլարով, այսինքն՝ եթե նախկինում մինչև «Կարգո» հասցնելը մաքսազերծվում էր մեկ կիլոգրամը մինչև 70 ցենտով, հիմա 2 դոլարով թանկացել է: Հրավիրում եմ կառավարության ուշադրությունը, որ հետո գործարարները կոտրած տաշտակի առաջ չկանգնեն»,- ԱԺ նստաշրջանում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Օրվա «կապույտ» սպասելիքը
«Որևէ լարվածություն չունենք, և կարծում եմ՝ չենք էլ ունենա». նման կարծիք հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր լարված իրավիճակն ինչպես կարող է ազդել գազի գնի վրա:
Նախարարը հիշեցրեց, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները երկրների առաջին դեմքերն են վարում, և այժմ որևէ բանակցություն չի վարվում, բայց տարեվերջին, երբ կլրանա համաձայնագրի ժամկետը, բնական է՝ համապատասխան բանակցություններ կլինեն, և ՀՀ-ն ձգտելու է ավելի էժան գազ ստանալ:
Օրվա «չբացահայտումը»
«Դա հրապարակելու համար ես պետք է խորը վերլուծություններ ունենամ: Ես չեմ կարող այս պահին հայտարարել մի բան, որի մասին չունեմ վերլուծություն». ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի պատասխանն է այն հարցին, թե ովքեր են հանքարդյունաբերության ոլորտի ստվերային ֆիգուրանտները:
Անահիտ Ավագյան