Նորություններ

«Զենք-զինամթերքը հայտնաբերվել է մի տարածքում, որը փաստացի պատկանել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին». Արթուր Վանեցյան

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերված զենքն ու զինամթերքը հնարավոր է, որ օգտագործվել է մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Օգոստոսի 9-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով. «Բայդ դա դեռ վարկած է, որը պետք է ճշգրտվի: Արդյունքները պարզ կլինեն փորձաքննությունից հետո: Նախնական օպերատիվ տվյալներից հետո կա նման վարկած»,- ասաց ԱԱԾ պետը:

Ճշգրտող այն հարցին, թե արդյոք կասկածներ ունեն, թե նախկին վարչապետը հրաման է արձակել, որ իր կողմնակիցները կրակեն ցուցարարների վրա, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես նման մանրուքներ չեմ կարող ասել, կարող եմ միայն ասել, որ մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր նախնական օպերատիվ տվյալների համաձայն՝ հնարավոր է՝ օգտագործվել են մարտի 1-ի, 2-ի դեպքերի ժամանակ: Օգտագործվել են այն անձանց կողմից, ովքեր ներառված չեն եղել իրավապահ համակարգում: Ես չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը, զենք-զինամթերքը հայտնաբերվել է մի տարածքում, որը փաստացի պատկանել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Back to top button