Նախահեղափոխական ու հետհեղափոխական պաշտոնյաներն ու նրանց ունեցվածքը (մաս 9)

ԳԱԼԱ-ն շարունակում է ներկայացնել, թե ինչ կարողություն են հայտարարագրել թավշյա հեղափոխությունից առաջ ու հետո պաշտոնավարած ու պաշտոնավարող բարձրաստիճան անձինք: Մինչ այժմ ներկայացրել ենք նախկին ու ներկա վարչապետներ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, տնտեսական զարգացման և ներդրումների, սպորտի և երիտասարդության հարցերի, սփյուռքի, տարածքային կառավարման և զարգացման նախկին ու ներկա նախարարների ունեցվածքը:
Այսօրվա դիտակետում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների նախկին ու ներկա նախարարների ունեցվածքը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյան
Պաշտոնին է նշանակվել 2017թ. մայիսի 25-ին: Պաշտոնը ստանձնելիս Վահան Մարտիրոսյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 1 այգետնակ՝ ամառանոց, 1-ական հողամաս, ավտոտնակ և հասարակական շինություն: Նախարարի շարժական գույքն էլ պատկառելի է՝ 3 ավտոմեքենա՝ Մերսեդես Բենց և Պորշե մակնիշների: Նախարարի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ուներ 50 հազար ԱՄՆ դոլարի արժեթղթային բաժնեմաս, իսկ փոխառություններից մեկը 100 հազար, 2-րդը՝ 50 հազար, 3-րդը՝ 31 հազար, 4-րդը՝ 60 հազար ԱՄՆ դոլարի են, 5-րդը՝ 19 մլն 500 հազար դրամի: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 67 մլն դրամ, 622 հազար դոլար, 320 հազար եվրո: Ստացված եկամուտները, որոնք գոյացել են աշխատանքի վարձատրությունից, վարձակալության դիմաց ստացված վճարներից ու շահաբաժնից, կազմել են 31 մլն 869 հազար 411 դրամ:
Պաշտոնը դադարեցնելու ժամանակ Վահան Մարտիրոսյանի ունեցվածքում շարժական ու անշարժ գույքի ցանկը նույնն է մնացել, փոփոխվել են միայն դրամական միջոցներն ու եկամուտները: Դրամական միջոցներն աճել են՝ կազմելով 630 հազար դոլար, 335 հազար եվրո, 89 մլն դրամ: Աճ են գրանցել նաև եկամուտները՝ 31 մլն 869 հազար 411 դրամից դառնալով 49 մլն 770 հազար 177 դրամ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյան
Պաշտոնը ստանձնել է 2018թ. մայիսի 12-ին: Նախարարը հայտարարագրել է 2-ական բնակարան ու հողամաս, 1 անհատական բնակելի տուն, 1 Հունդա մակնիշի ավտոմեքենա: Արժեթղթեր ու փոխառություններ չունի: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ եղել են 130 հազար ԱՄՆ դոլար, աշխատանքի վարձատրությունից գոյացած եկամուտներն էլ կազմել են 4 մլն 732 հազար 759 դրամ:
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյան
Պաշտոնը ստանձնել է 2017թ. մայիսի 25-ին: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ չունի ձեռք բերած և օտարած անշարժ գույք, իսկ օտարած արժեթղթեր, ինչպես նաև փոխառություններ ունի, որից մեկը 20 հազար ԱՄՆ դոլար է, 2-րդը՝ ավելի քան 20 մլն դրամ: Աշխատանքի վարձատրությունից ու տրված փոխառություններից գոյացած եկամուտներն էլ կազմել են 17 մլն 270 հազար 372 դրամ:
2018թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում նախկին նախարարի ունեցվածքի ցանկն արդեն ընդլայնված է. 2-ական բնակարան ու հողամաս, ավտոտնակ: Նույնն է մնացել փոխառությունների ու արժեթղթերի չափը: Աշխատանքի վարձատրության արդյունք եկամուտներն էլ կազմել են 6 մլն 339 հազար 222 դրամ:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան
Պաշտոնին է նշանակվել 2018թ. մայիսի 12-ին:
Հարկային տարում (2017թ.) ձեռք բերած և օտարած անշարժ և շարժական գույք, արժեթղթեր ու փոխառություններ չունի: Դրամական միջոցները կազմել են 7 մլն 400 հազար դրամ, 37 հազար ԱՄՆ դոլար: Եկամուտները գոյացել են աշխատանքի վարձատրությունից և կազմել են 15 մլն 211 հազար 867 դրամ:
ԳԱԼԱ-ն ներկայացրեց նախկին ու ներկա նախարարների ունեցվածքը: Հաջորդ անդրադարձների դիտակետում կլինեն փոխվարչապետների, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի ունեցվածքը:
Անահիտ Ավագյան