Նախահեղափոխական ու հետհեղափոխական պաշտոնյաներն ու նրանց ունեցվածքը (մաս 7)

ԳԱԼԱ-ն շարունակում է ներկայացնել, թե ինչ կարողություն են հայտարարագրել թավշյա հեղափոխությունից առաջ ու հետո պաշտոնավարած ու պաշտոնավարող բարձրաստիճան անձինք: Մինչ այժմ ներկայացրել ենք նախկին ու ներկա վարչապետներ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, տնտեսական զարգացման և ներդրումների նախկին ու ներկա նախարարների ունեցվածքը:
Այսօրվա դիտակետում է սպորտի և երիտասարդության հարցերի, սփյուռքի նախկին և գործող նախարարների ունեցվածքը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյան, այժմ՝ արտակարգ իրավիճակների նախարար
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել ՀՀ նախագահի՝ 2016թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով: Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետի պաշտոնը:
Հրաչյա Ռոստոմյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում հայտարարագրել է 1-ական այգետնակ, հասարակական նշանակության շինություն ու բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, ավտոմեքենա՝ BMW X5 4.8 I մակնիշի: Դրամական միջոցները կազմել են 49 հազար 500 ԱՄՆ դոլար, 8 մլն 900 հազար դրամ: Եկամուտներն էլ, որոնք գոյացել են աշխատանքի վարձատրությունից, գույքի օտարումից ու ձեռնարկատիրական գործունեությունից, կազմել են 27 մլն 308 հազար 400 դրամ:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյան
Նախարարի պաշտոնին է նշանակվել 2018թ. մայիսի 12-ին:
2018թ. հունիսի 11-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Լևոն Վահրադյանն ունի 1 բնակարան, 2 ավտոմեքենա՝ Հոնդա և Նիսսան մակնիշների, 775 հազար 491 դրամի հանձնած փոխառություն: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 6 մլն 800 հազար դրամ, 8700 ԱՄՆ դոլար: Ստացված եկամուտները, որոնք գոյացել են աշխատանքի վարձատրությունից, կազմել են 1 մլն 340 հազար 558 դրամ:
Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյան
Պաշտոնը ստանձնել է 2017թ. մայիսի 25-ին: Պաշտոնը ստանձնելիս Հրանուշ Հակոբյանը հայտարարագրում նշել է, որ օտարել է 1 բնակարան՝ 43 մլն 700 հազար դրամ արժողությամբ, ձեռք է բերել և օտարել 38 մլն դրամ, 4 մլն 500 հազար դրամ ու 9 հազար 116 եվրո արժողության փոխառություններ: Ձեռք բերած արժեթղթեր և շարժական գույք չունի: Դրամական միջոցները տարեսկզբին (2017թ.) կազմել են 4 մլն 280 հազար 925, տարեվերջին՝ 2 մլն 763 հազար 508 դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում գոյացել են աշխատանքի վարձատրությունից, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներից և գույքի օտարումից և կազմել են 54 մլն 526 հազար 324 դրամ:
Պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է 2-ական բնակարան ու ավտոտնակ, 1 հողամաս: Արժեթղթեր ու փոխառություններ չկան, եկամուտն էլ գոյացել է աշխատանքի վարձատրությունից և պաշտոնը դադարեցնելու ժամանակ եղել է 2 մլն 903 հազար 807 դրամ:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան
Պաշտոնին է նշանակվել 2018թ. մայիսի 11-ին: Նրա հայտարարագիրը համեստ է. ունի միայն դրամական միջոցներ՝ 4 հազար 500 եվրո: Բնակարան, անշարժ գույք, ձեռք բերած և օտարած փոխառություններ ու արժեթղթեր չունի:
(շարունակելի)
Անահիտ Ավագյան